Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Համայնքներ

Համայնքի մասին

Կապան ք.

Բնակչություն` 45711

Աշխարհագրական դիրքը, բնակլիմայական պայմանները

Կապան քաղաքը գտնվում է Հայաստանի հարավ-արևելյան մասում, Խուստուփ լեռան հյուսիսային ստորոտին, Ողջի գետի հովտում, ծովի մակարդակից 750-1050 մետր բարձրության վրա, Երևանից 320 կմ, իսկ Իրանի Իսլամական հանրապետությունից` 80 կմ հեռավորության վրա։
Քաղաքն արևելքից արևմուտք ձգվում է 13 կմ։
Կապան քաղաքային համայնքը սահմանակից է Աճանանի, Սյունիքի, Գեղանուշի և Գիրաթաղի գյուղական համայնքներին, ինչպես նաև մարզի համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող հողերին։
Խոր հովտում գտնվելով Կապան քաղաքն օժտված է ուրույն միկրոկլիմայիով, ամռանը առավելագույն ջերմաստիճանը հասնում է մինչև 38-40, ձմռանը նվազագույն ջերմաստիճանը հասնում է -10-15 աստիճանի։
Կապանը գտնվում է սեյսմիկ պատկանելության երկրորդ գոտում։

Համառոտ պատմական ակնարկ

16-17-րդ դարերում Կապանն ընկել է պարսից տիրապետության տակ։ 18-րդ դարում Արցախում և Սյունիքում ազատագրական պայքար բռնկվեց։ Կապանը դարձավ լեգենդար հերոս Դավիթ Բեկի գլխավորած Սյունիքի ազգային ազատագրական շարժման կենտրոն։ Ամրանալով Հալիձորում Բեկն իր զորախմբով հաղթանակներ տարավ մինչև 1727թ., երբ օսմանյան բանակը սկսեց Սյունիքի ասպատակումը։ Դավիթ Բեկի հալիձորյան զինակիցները որոշ ժամանակ հաջողությամբ կասեցնում էին թշնամու առաջխաղացումը, սակայն ի վերջո Սյունիքը տեղի տվեց մի քանի անգամ գերազանցող օսմանյան բանակի առջև։ 18-րդ դարում Կապանը մշտապես կռվախնձոր է եղել Ռուսաստանի և Պարսկաստանի միջև։ 1800թ. այն փաստորեն տրոհված էր այդ երկու տերությունների միջև` Ողջի գետով սահմանազատված։ 1813-ի Գյուլիստանի համաձայնագրով և 1828-ի Թուրքմենչայի պայմանագրով, Կապանն ամբողջովին անցավ ռուսական տիրապետության տակ, իսկ ցարական Ռուսաստանի անկումից հետո` 1918-1920թթ., Կապանը նորից դարձավ հայերի անկախության պայքարի կենտրոն։ Ի վերջո Խորհրդային Հայաստանի սահմանները ներառեցին նաև Սյունիքը։ 1991թ. Հայաստանի Հանրապետությունն իր երազած անկախությունը նվաճեց և կատարվեց երկրի նոր վարչատարածքային բաժանում։ 1995թ. Հայաստանը բաժանվեց մարզերի և Կապանը դարձավ Սյունիքի մարզկենտրոնը։
 

Սյունիքը բացի գեղեցիկ բնաշխարհ լինելուց, հնագույն քաղաքակրթության օջախ է։ Միայն Կապանի տարածքում հանդիպում է ավելի քան 450 պատմամշակութային հուշարձան։ Սյունիքի պատմությունն ուսումնասիրող Ստեփանոս Օրբելյանը (13-րդ դար) փաստագրական տվյալներ է բերել այն մասին, որ այս տարածաշրջանում քաղաքակրթություն է գոյություն ունեցել դեռևս մ.թ.ա. 5-րդ դարում։ Հնում բնակավայրը կոչվում էր Յոթնաբերդ` հավանաբար նրա սահմանները տեղանշող յոթ բերդերի պատճառով, մինչդեռ “Կապան” բառի արմատների վերաբերյալ առ այսօր ստուգաբանական բանավեճեր են ընթանում։ Ըստ տարածված տեսակետներից մեկի, Կապանը հնդեվրոպական բառ է, որը նշանակում է կիրճ կամ լեռնանցք։ Մեկ այլ տեսակետի համաձայն “կապ” նշանակում է "փակ", քաղաքն իրոք պարփակված է շրջակա լեռնաշղթաներով։
10-րդ դարից սկսած մատենագիրների մոտ Կապանն արդեն հիշատակվում է որպես քաղաք, իսկ 10-րդ դարի վերջում արդեն որպես Սյունիքի թագավորության մայրաքաղաք։
2011 թվականին լրանում է Վահանավանք պատմական համալիրի ստեղծման 1100 ամյակը։ Համալիրը Սյունիքի միջնադարյան հոգևոր կենտրոնն էր, կրթական և մշակութային օջախը, հոգևորականության և իշխանական տոհմի ներկայացուցիչների հանգստավայր։
11-րդ դարում Կապանն արդեն ուներ շուրջ 20000 բնակիչ և գտնվում էր ներկայիս Կապանից մոտ 15կմ հյուսիս-արևմուտք։Տնտեսություն

Պատմականորեն Կապանը հանդիսանում է հանրապետության հանքարդյունաբերության կենտրոններից։ 1840թ. հույների կողմից հիմք է դրվել ընդերքօգտագործմանը։ Պղնձով հարուստ ընդերքն օգտագործելու նպատակով ստեղծվել է Կապանի լեռնահարստացուցիչ կոմբինատը, որի լուծարումից հետո հանքարդյունաբերության ոլորտում գործունեություն է իրականացնում "Դինո Գլոդ Մայնինգ Քամփնի" ՓԲԸ-ն։ Հանդիսանալով քաղաքահիմն միավորում ընկերությունը հնարավորություն է տալիս բնակչությանը ապահովել աշխատանքով։ Ընկերության գործունեության արդյունքները դրական են ազդում համայնքի ընդհանուր զարգացմանը և հնարավորություն են տալիս օգտագործել համագործակցություն ի նպաստ համայնքում ծառացած բազմաթիվ խնդիրների լուծմանը։
Սովետական ժամանակաշրջանում քաղաքի տարածքում գործունեություն իրականացնող միութենական և հանրապետական ենթակայության ձեռնարկությունների գործունեությունը հիմնականում դադարեցվել է։
Համայնքի տարածքում տնտեսական գործունեություն են իրականացնում "Կապանի մեքենաշինական գործարան> ԲԲԸ-ն, Կապանի "Ճանապարհների շինարարության և շահագործման" ՍՊԸ-ն, Կապանի "Նորոգշին" ՍՊԸ-ն, "Վայբլ" ՍՊԸ-ն և այլն։
Կապանում տարիներ շարունակ չի իրականացվում բնակարանային շինարարություն։ Համայնքում գործող շինարարական կազմակերպությունները հիմնականում իրենց ծառայություններն են մատուցում տարբեր իրավաբանական և ֆիզիկական անձանց պատվերով շինարարական աշխատանքներ իրականացնելու համար։
Համայնքի տարածքում գործում են սննդարդյունաբերության, մանրամեծածախ առևտրի, հանրային սննդի, կենցաղային սպասարկման բազմաթիվ առևտրային կազմակերպություններ և անհատ ձեռներեցներ։
Համայնքի բնակչությանը կապի, ջրամատակարարման, գազի, էներգամատակարարման ոլորտում ծառայությունները մատուցվում են համապատասխան մասնագիտացված կազմակերպությունների միջոցով։ Բնակչության բուժսպասարկման և առողջապահության խնդիրենրի սպասարկումն իրականացվում է "Կապանի բժշկական կենտրոն" ՓԲԸ-ի, "Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսեր" ՓԲԸ-ի, "Կապանի ստոմատոլոգիական պոլիկլինիկա" ՓԲԸ-ի միջոցով։
Համայնքի ենթակությամբ գործում են "Կապանի կոմունալ ծառայություն" ՀԲՀ-ն և նորաստեղծ "Կապանի վթարային-վերանորոգման ծառայություն" ՀԲՀ-ն, որը կխթանի համայնքի բնակ. ֆոնդում ընդգրկված բազմաբնակարան բնակելի շենքերի շահագործման ժամանակ առաջացած վթարների մատչելի և օպերատիվ կարգով վերացմանը, ինչպես նաև կարևոր դեր և ակտիվ մասնակցություն կունենա աղետների և արտակարգ իրավիճակների ժամանակ իրականացվող աշխատանքներին։

Կրթություն, մշակույթ, սպորտ

Համայնքի տարածքում գործում են 13 հանրակրթական դպրոցներ, բարձրագույն ուսումնական հաստատությունների Կապանի մասնաճյուղեր, քոլեջներ, "Կապանի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություն> ՊՈԱԿ-ը, Երևանի բժշկահոգեբանամանկավարժական գնահատման կենտրոնի Կապանի մասնաճյուղը, Կապանի թիվ 3 հատուկ կրթահամալիրը։
Համայնքի ենթկայության տակ գործում են արտադպրոցական և նախադպրոցական ուսումնական հաստատություններ` 12 ՆՈՒՀ, 3 երաժշտական դպրոցներ, 3 մարզադպրոցներ, արվեստի և գեղարվեստի մանկական դպրոցներ։ Մեր մարիզկները և սաները մասնակցել են միջազգային մի շարք մրցումների և մրցույթ-փառատոնների և վերադարձել մրցանակներով։
2011 թվականին ստեղծվել է "Կապանի մանկական կենտրոն" ՀՈԱԿ-ը, որի նպատակը կյանքի դժվարին իրավիճակներում գտնվող երեխաների սոցիալ-հոգեբանական, մանկավարժական, իրավական պաշտպանության աջակցության ծրագրերի իրականացումն է։
Մշակութային ծրագրերը քաղաքում իրականացվում է Ալ. Շիրվանզադեի անվան պետական դրամատիկական թատրոնի, "Մշակույթի կենտրոնի" միջոցով։ Քաղաքի մշակութային օջախներից են` երկրագիտական թանգարանը, Շմավոն Մովսիյանի անվան պատմության թանգարանը, մանկապատանեկան ստեղծագործության կենտրոնը, ակումբագրադարանային միավորումը։
Երեխաների ժամանցը կազմակերպվում Է "Վ. Սարգսյանի անվան մանկական զբոսայգի" ՀԲՀ-ի միջոցով։

Հողային և այլ բնական ռեսուրսներ

Հողեր (ընդամենը)` 4864 հա, այդ թվում`
- Գյուղատնտեսական նշանակության հողեր` 2086 հա, որից`
- վարելահող` 171 հա, բազմամյա տնկարկ` 19 հա, խոտհարք` 22 հա, արոտ` 171 հա, այլ հողատեսք`1703 հա
- բնակավայրերի հողեր` 1066 հա,
- արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողեր` 217 հա
- էներգետիկայի, տրանսպորտի, կապի և կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողեր`67հա
- հատուկ պահպանվող տարածքների հողեր` 78 հա,
- հատուկ նշանակության հողեր` 11 հա,
- անտառային հողեր` 1274 հա, որից անտառածածկ` 945 հա
- ջրային հողեր` 63 հա

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2017-08-17 16:05:38