Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Համայնքներ

Համայնքի մասին

Անտառաշատ (նախկին)

Բնակչություն` 131

Համայնքի կենտրոնի hեռավորությունը մարզկենտրոնից՝ 24 կմ
Համայնքի կենտրոնի բարձրությունը ծովի մակերևույթից՝ 1300 մ
Համայնքի վարչական տարածքում ընդգրկված բնակավայրերը՝ գ.Անտառաշատ:
Անտառաշատ գյուղը գտնվում է Բարգուշատի լեռնաշղթայի հարավ-արևմտյան լանջին, լեռնաշղթայի կենտրոնական մասում գտնվող Աճանան (Տափասար, բարձրությունը` 2393 մետր) լեռնագագաթի հարևանությամբ` շրջապատված հարուստ և գեղատեսիլ անտառներով, բարձրադիր լեռներով՝ Սյունիքի մարզկենտրոն Կապանից հյուսիս-արևմուտք:
Համայնքը չի համարվում սահմանամերձ, լեռնային կամ բարձր լեռնային բնակավայր: Անտառաշատը հին բնակավայր է, հիմնադրման կոնկրետ տարեթիվ հայտնի չէ: Մինչև 1949 թվականը գյուղը կոչվում էր Տորթնի: Տորթնի կամ Տորթն անունով Անտառաշատը հիշատակված է 13-րդ դարից Ստեփանոս Օրբելյանի «Սյունիքի պատմություն» աշխատության մեջ, համաձայն որի գյուղն ընդգրկված էր Բաղք գավառի կազմում և Տաթևի Վանքին վճարում էր 26 միավոր հարկ` ամենաշատը Բաղքի գավառի գյուղերի վճարած հարկերի մեջ: Գյուղն Անտառաշատ է վերանվանվել ՀՍՍՀ Գերագույն սովետի 1949 թվականի հունիսի 29-ի հրամագրով: Ենթադրվում է, որ Անտառաշատի հին` Տորթնի տեղանունը կապ ունի Տորք կամ Տիր աստվածների հետ: Կարծիք կա նաև, որ Տորթնի ձևն առաջացել է «Տեր, օրհնիր», «Տեր, աղոթիր», «Տուն օրհնել» բառակապակցություններից կամ տորտ (գինու կարասի տակի նստվածք, դիրտ) բառից: Անտառաշատում կար երկու եկեղեցի, այսօր կանգուն է մեկը` 10-րդ դարում կառուցված Սբ. Հռիփսիմե եկեղեցին: Ըստ Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարանի (Թ.Խ.Հակոբյան և ուրիշներ, Երևան 1986թ.) Անտառաշատի հին անվանումը տրված է Դորթնի, Տորթին, Տորթն, Տորթնի, Տորտին ձևերով և գյուղը 1831 թ. ուներ՝ 16, 1914թ.` 327, 1919թ.` 730. 1931թ.` 264, 1959թ.` 208, 1970թ.` 167, 1979թ.` 106 բնակիչ: 1988թ. Անտառաշատում կար 65, 2000թ.` 161, 2006թ.՝ 150. 2007թ.՝ 153, 2011թ. Հունվարի 1-ի դրությամբ` 131 բնակիչ: 1932-1980թթ. Անտառաշատում գործել է դպրոց (տարրական, յոթնամյա): Կա դպրոցի տիպային շենք: Այսօր դպրոցը չի գործում: Դպրոցական տարիքի երեխաները սովորում են հարևան Օխտարի միջնակարգ դպրոցում:
Գյուղի բնակիչները բոլոր ժամանակներում մասնակցել են Հայաստանի պաշտպանությանը, Հայ-Թուրքական Պատերազմին, 1941-1945 թթ. Հայրենական Մեծ Պատերազմին, 1992-1994թթ. Ազատամարտին: Տորթնի գյուղից Հայրենական մեծ պատերազմին մասնակցել է 30 հոգի: 1973 թվականին Անտառաշատում հանդիսավորությամբ բացվեց 1941-1945թթ. Հայրենական մեծ պատերազմում զոհված անտառաշատցիների հիշատակը հավերժացնող հուշարձան: Ըստ գյուղում կանգնեցված հուշարձանի վրա փորագրված տվյալների` Երկրորդ Համաշխարհային Պատերազմում զոհվել է 20 անտառաշատցի: 1992-1994թթ. Ազատամարտին մասնակցել են ինչպես Անտառաշատում ծնված այնպես էլ ծագումով անտառաշատցի մի շարք հայորդիներ, որոնցից երեքը հերոսաբար զոհվել են: Անտառաշատի Ինչաբելի սարահարթով 1918 թվականի ամռանն անցել է Զորավար Անդրանիկը, այնտեղ կռվել է Գարեգին Նժդեհը:
Անտառաշատը խորհրդային տարիներին ընդգրկվել էր Նորաշենիկի գյուղխորհրդի տարածքում, գյուղում կար կոլտնտեսություն, այնուհետև Անտառաշատն ընդգրկված էր Նորաշենիկի կաթնա-անասնապահական խորհտնտեսության կազմում: 1991 թվականի մայիսի 17-ին Անտառաշատի բնակիչների ընդհանուր ժողովը որոշեց տարանջատվել Նորաշենիկի գյուղխորհրդից և ստեղծել տեղական իշխանության սեփական մարմիններ: 1991 թվականի հունիսի 25-ին ձևավորվեց Անտառաշատի գյուղական խորհուրդը: 1991-1993 թթ. Անտառաշատում իրականացվեց հողի սեփականաշնորհում, որից օգտվեց 48 տնտեսություն (1.3 հա մեկ հողաբաժնի չափով): Ինչպես ամբողջ Հայաստանում, այնպես էլ Անտառաշատում 1996 թվականի նոյեմբերի 10-ին առաջին անգամ ձևավորվեցին տեղական ինքնակառավարման մարմիններ, Անտառաշատը ստացավ գյուղական համայնքի կարգավիճակ:

Տնտեսություն
Գյուղատնտեսական գործունեության հիմնական ուղղություններն են`
- անասնապահությունը,
- դաշտավարությունը:

Հողային և այլ բնական ռեսուրսներ
Հողեր (ընդամենը)` 2266 հա,
այդ թվում`
- Գյուղատնտեսական նշանակության հողեր` 1225 հա
որից`
- վարելահող` 47 հա, բազմամյա տնկարկ` 2 հա, խոտհարք` 29 հա, արոտ` 920 հա, այլ հողատեսք`227 հա:
- բնակավայրերի հողեր` 46 հա:
- արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողեր` 2 հա:
- էներգետիկայի, տրանսպորտի, կապի և կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողեր`1 հա:
- հատուկ պահպանվող տարածքների հողեր` 1 հա:
- անտառային հողեր` 986 հա
որից անտառածածկ` 921 հա
- ջրային հողեր` 6 հա:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2017-12-12 17:18:39