Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տոնական միջոցառումներ Կապանում

03.10.2011

Հոկտեմբերի 1-2-ին մարզկենտրոնում նշվեց քաղաքի օրը` “Կապանյան օրեր” համաքաղաքային տոնական միջոցառումները:
"Կապանյան օրեր" խորագիրը կրող միջոցառումների մեկնարկը տրվեց միջնադարի նշանավոր վանական համալիրում` Վահանավանքում, որն այս տարի տոնում է իր 1100-ամյակը։
Վանական համալիրում հոգևոր և հայրենասիրական կատարումներով հանդես եկավ Տիգրան Հեքեքյանի “Հայաստանի փոքրիկ երգիչներ” երգչախումբը:
Երեկոյան Կապանի քաղաքապետարանի մշակույթի կենտրոնում տեղի ունեցավ հանդիսավոր նիստ`նվիրված քաղաքի տոնին, որին մասնակցում էին ՀՀ տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը, ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը, բազմաթիվ հյուրեր Երևանից, հանրապետության մարզերից ու արտերկրից:
Սյունիքի մարզպետ Ս. Խաչատրյանը շնորհավորելով Կապանի օրվա առթիվ իր խոսքում նշեց. “Սյունյաց թագավորանիստ Կապանի տոնը այս տարի հատուկ խորհրդանշական իմաստ է ստացել և առավել արժևորվել մեզ համար, որովհետև այն նշվում է Հայաստանի Անկախության 20-ամյակի և Վահանավանքի 1100–ամյակին նվիրված տոնակատարություններին զուգահեռ: Մենք երբեք գլխահակ չենք եղել մեր անցյալի համար, իսկ ներկայի առումով վստահաբար կարող ենք պնդել, որ այլևս օրակարգում է ոչ թե եղածը պահպանելու խնդիրը, այլ կառուցելու, նորը ստեղծելու և մարզի ու համայնքների համար կայուն զարգացում ապահովելու հրամայականը: Այսօր, առանց վարանելու կարող ենք պնդել, որ Կապանը կայուն զարգացող քաղաք է, որը հպարտությամբ է նայում իր 16-դարյա անցյալին և վստահությամբ`ապագային:”
ՀՀ կառավարության անունից շնորհավորանքի խոսք ասաց նաև ՀՀ տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը. "Կապանը օր օրի գեղեցկանում է, Կապանը օր օրի շենանում է և նորից հավակնում է լինել արդյունաբերական քաղաքի իր կարգավիճակում, ինչպես որ միշտ եղել է: Վստահ եմ, որ Կապանը հետագա տարիներին ավելի մեծ հաջողություններ է արձանագրելու":
Սյունիքի մարզպետի որոշմամբ մարզի սոցիալ-տնտեսական զարգացման, մշակութային և մարդասիրական ծրագրերի իրականացման գործում ունեցած անձնական վաստակի համար “Ակսել Բակունց հուշամեդալով” պարգևատրվեց “Դանդի Փրեշըզ Մեթըլզ” կանադական ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Ջոնաթան Գուդմանը: “Մենք դեռեւս երկար ճանապարհ ունենք միասին անցնելու, և ես համոզված եմ, ինչպես նաև համոզված է մեր ողջ ընկերությունը, որ ճիշտ որոշում ենք կայացրել` ներդրումներ կատարելով Հայաստանում: Հուսով եմ, որ համագործակցելով առաջիկայում դեռեւս շատ հաջողություններ կունենանք”, - կապանցիներին ուղղված իր շնորհավորանքի խոսքում ասաց “Դինո գոլդ մայնինգ քամփնի” ՓԲԸ սեփականատեր կանադացի գործարարը:
Հանդիսավոր նիստի ավարտին կապանցիներին իրենց ելույթով շնորհավորեց վաստակավոր կոլեկտիվ Հայաստանի պարի պետական անսամբլը:
“Կապանյան օրեր” տոնական միջոցառումները շարունակվեցին նաև հաջորդ օրը: Հյուրերը այցելեցին Բաղբուրջի հուշահամալիր` ծաղիկներ դրեցին Արցախյան ազատամարտի նահատակների շիրիմներին, ներկա եղան Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցում մատուցված պատարագին ու մատաղի արարողությանը, այնուհետև` մասնակցեցին Կապանի մի շարք թաղամասերում խաղահրապարակների, Շահումյան փողոցում' խաղաղության պուրակի, Գլենդելի հայ բարերարների աջակցությամբ նորոգված թիվ 4 մանկապարտեզի բացման հանդիսավոր արարողություններին, տոնական համերգներին, այցելեցին երկրագիտական թանգարան, որտեղ "Հիշողություն" խորագրով կազմակերպված ցուցադրությամբ ներկայացված էր Կապանի պատմությունը:
Կապան քաղաքի 73-րդ տարելիցին նվիրված երկօրյա տոնական միջոցառումները եզրափակվեց մեծ հրավառությունը:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 17:08:53