Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԽՈՐՀՐԴԻ ԱՐՏԱԳՆԱ ՆԻՍՏԸ

14.07.2017

Հուլիսի 13-ին Ագարակ քաղաքում տեղի ունեցավ ՀՀ Սյունիքի մարզխորհրդի արտագնա նիստը, որը վարում էր ՀՀ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը: Նիստին մասնակցեցին մարզպետարանի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների պատասխանատուները, մարզի քաղաքային և գյուղական համայնքների ղեկավարները և այլոք: Նախքան օրակարգի հարցերը, մարզպետ Վահե Հակոբյանն առողջապահության ոլորտում ունեցած մեծ ավանդի համար ՀՀ նախագահի հրամանագրով Մխիթար Հերացի մեդալով պարգևատրեց Մեղրու բժշկական կենտրոնի թերապևտ Ֆրիդա Ծատրյանին, իսկ 4-րդ բանակային կորպուսի հրամանատար գնդապետ Վալերի Քոչարյանը բանակային կորպուսի կազմավորման 20-րդ տարեդարձի կապակցությամբ բանակին մշտապես աջակցելու համար պատվոգրով պարգևատրեց Վահե Հակոբյանին:
Մարզխորհրդի նիստի առաջին հարցը վերաբերում էր հունիս ամսին ուժեղ կարկտահարության հետևանքով գյուղատնտեսության ոլորտին հասցված վնասների, մարզում բերքահավաքի աշխատանքների ընթացքին և խնդիրներին: Այն զեկուցեց ՀՀ Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետի պաշտոնակատար Գ. Խաչատրյանը: Նշվեց, որ մարզում առաջին կարկտահարությունը գրանցվել է հունիսի 1-5-ն ընկած ժամանակահատվածում, որից տուժել են Գորիսի համայնքի (Ակներ, Վերիշեն, Խնձորեսկ, Ն.Խնձորեսկ), Տեղ համայնքի (Տեղ, Քարաշեն, Արավուս), Սիսիանի տարածաշրջանի՝ Որոտան, Վաղատնի, Կապանի տարածաշրջանի՝ Վ.Խոտանան, Սրաշեն համայնքները: Կարկտահարության 2-րդ դեպքը գրանցվել է հունիսի 29-ին, որը 1-ին կարկտահարությունից ավելի ուժգին էր: Տուժել են Սիսիանի տարածաշրջանի՝ ք.Սիսիան, Աղիտու, Վաղատնի, Բալաք, Բռնակոթ, Գետաթաղ, Դարբաս, Լծեն, Լոր Շաղատ և Կապանի տարածաշրջանի՝ Աղվանի համայնքները: Ընդունված կարգի համաձայն, բնական աղետների գնահատման համայնքնային հանձնաժողովները պատճառած վնասների չափերով կազմել են արձանագրություններ և ներկայացրել ՀՀ Սյունիքի մարզպետարան:
Ամփոփված արդյունքներով տուժել են նշված համայնքների. աշնանացանի ցանքատարածություններ՝ 810հա:Գարնանացան հացահատիկային մշակաբույսեր՝ 1581,5հա (1-ին կարկտ.՝ 40-50%, իսկ 2-րդ կարկտ. 70-80%):
Բանջարբոստանային մշակաբույսեր՝ 351,5հա (1-ին կարկտ.՝60-70%, իսկ 2-րդ կարկտ. 70-80%): Կարտոֆիլի ցանքատարածություններ՝ 419,5հա (1-ին կարկտ.՝ 40-50%, իսկ 2-րդ կարկտ. 50-65%):Պտղատու այգիներ՝ 264.8հա (1-ին կարկտ.՝ 40-45%, իսկ 2-րդ կարկտ. 50-65%): Բազմամյա խոտաբույսեր՝ 490,8հա (1-ին կարկտ.՝ 40-50%, իսկ 2-րդ կարկտ. 50-60%):
Երկրորդ կարկտահարության հետևանքով մեծ վնաս են կրել համայնքային և դաշտամիջյան ճանապարհները, որի վերանորոգման համար զգալի միջոցներ են անհրաժեշտ: Մարզային հանձնաժողովի ամփոփ արդյունքները ներկայացվել են ՀՀ գյուղատնտեսության նախարարություն, վերջինս էլ ներկայացրել է ՀՀ կառավարություն:
Գ. Խաչատրյանը տեղեկացրեց, որ կարկտահարության 2 դեպքերին էլ շատ արագ և օպերատիվ կերպով արձագանքեց արտակարգ իրավիճակների մարզային ծառայությունը, այցելել են գրեթե բոլոր տուժած բնակավայրեր և ականատես եղել աղետի հետևանքներին: Զեկուցվեց նաև, որ մարզում բերքահավաքը սկսվել է հունիս ամսից:
Մարզի համայնքներում իրականացված իրավական և մասնագիտական (վարչական) հսկողության արդյունքների մասին զեկուցեց ՀՀ Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի ՏԻ և ՀԳՄՀ վարչության պետ Ս. Ավետիսյանը: 2017թ. երկրորդ եռամսյակում ուսումնասիրություններ են իրականացվել մարզի վեց համայնքներում, որտեղ արձանագրված բացթողումներն ու թերությունները վերացնելու համար համայնքի ղեկավարներին տրվել են հանձնարարականներ:
Օրակարգի հաջորդ հարցի՝ մարզի տարածքում աղբահանության կազմակերպման վիճակի և անելիքների մասին ներկայացրեց ՀՀ Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության բնակարանային և ենթակառուցվածքների գործունեության բաժնի պետ Է. Միրզոյանը: Ներկայացվեց <<Մաքուր Հայաստան>> ծրագրի շրջանակներում մարզային հանձնաժողովի կողմից իրականացված աշխատանքներն ու հետագա անելիքները: Է. Միրզոյանը նշեց, որ իրականացված համապետական շաբաթօրյակի արդյունքում մարզում առկա 137 աղբավայրերից 70-ը փակվել է:
Նիստին համայնքի ղեկավարները բարձրաձայնեցին այն խնդիրները, որոնք խանգարում են համայնքներում կուտակված աղբավայրերի վերացման աշխատանքներին: Մարզպետ Վահե Հակոբյանը խոստացավ, որ ստեղծված իրավիճակի վերացման համար ֆինանսական աջակցություն կցուցաբերի <<Սյունիքի մարզի զարգացման և ներդրման հիմնադրամը>>:
Մարզի առողջապահական հաստատություններում մատուցվող ծառայությունների որակի բարելավման ու արդյունավետության բարձրացման ուղղությամբ իրականացված միջոցառումների և նախատեսվող ծրագրերի մասին զեկուցեց ՀՀ Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Ն. Գևորգյանը: Նշվեց, որ առաջիկայում մարզի բոլոր բուժհաստատությունները կվերազինվեն ժամանակակից սարքավորումներով, ինչպես նաև մարզ կհրավիրվեն աշխատելու լավագույն մասնագետներ: Ն.Գևորգյանը նշեց, որ Կապանի և Քաջարանի բժշկական կենտրոններում իրականացված ուսումնասիրություններից հետո որոշում է կայացվել միավորել այդ 2 կենտրոնները, որի արդյունքում տարածաշրջանը կունենա գերժամանակակից բժշկական կենտրոն: Անդրադառանալով առողջապահության ոլորտում իրականացվող փոփոխություններին` Վահե Հակոբյանը նշեց, որ հունիս ամսվա ընթացքում Կապանի բժշկական կենտրոնում իրականցավել է 30 վիրահատություն, ինչը փաստում է, որ բնակչության վստահությունը բժշկական կենտրոնի նկատմամբ օրեցոր աճում է: Մարզի ղեկավարը նաև տեղեկացրեց, որ հուլիսի 21-ին Կապանի բժշկական կետրոնում բացվելու է ակնաբուժական կլինիկա, որը հանրապետությունում լինելու է երրորդը, իսկ գները կլինեն մատչելի:
ՀՀ Սյունիքի մարզում երեխաների իրավունքների պաշտպանության բնագավառում իրականացվող բարեփոխումների ընթացքի մասին զեկուցեց ՀՀ Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Ա. Ոսկանյանը: Նշվեց, որ <<Կապանի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատությունը>> վերակազմակերպվելու է <<Երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն հիմնադրամի>>, որը իր մասնաճյուղերը կունենա Սիսիան և Գորիս քաղաքներում:
Նիստին Մեղրի խոշորացված համայնքի ղեկավար Մխիթար Զաքարյանը զեկուցեց Մեղրիի տարածաշրջանում համայքների խոշորացումից հետո իրականացված աշխատանքների արդյունքները, և ընդգծեց, որ խոշորացման արդյունավետությունն համայնքում արդեն նկատելի է:
Ամփոփելով մարզխորհրդի նիստը, մարզպետ Վահե Հակոբյանը ընդգծեց, որ Կապանի օդականավակայանի վերակառուցման աշխատանքների հետ զուգահեռ համայնքի ղեկավարի հետ իրականացվում է նաև թղթաբանության գործընթացը, որպեսզի օդանավակայանը դառնա համայնքի սեփականությունը: Մարզի ղեկավարը նշեց նաև, մեկնարկում է <<Ես ծնվել եմ Սյունքում>> ծրագիրը, որի շրջանակներում հանդիպումներ են նախատեսվում ծնունդով սյունեցի բարերարների հետ, որոնց կներկայացվի մարզի զարգացման ուղղությամբ նախատեսվող ծրագրերը, և ընգծեց, որ, բոլորի ներդրած գումարները կծառայեն մարզի զարգացմանը:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 17:08:53