Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՈՒՍՄԱՆ ԱՎԱՐՏԻՑ ՀԵՏՈ ՎԵՐԱԴԱՐՁԵՔ ՍՅՈՒՆԻՔ՝ ՄԱՐԶՊԵՏԻ ՀՈՐԴՈՐՆ ՈՒ ԽՆԴՐԱՆՔԸ ԿԱՊԱՆՑԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ

06.08.2018

Այսօր Սյունիքի մարզպետ Կարեն Համբարձումյանը մարզպետարանում հանդիպում ունեցավ «Ուսանողական ամառ Կապան - 2018» երիտասարդական փառատոնի կազմկոմիտեի անդամների եւ փառատոնի մասնակիցների հետ: Հանդիպմանը մասնակցում էին նաեւ Կապան համայնքի ղեկավարի պաշտոնակատար Նարեկ Ղահրամանյանը եւ մարզպետի տեղակալները: 

Հիշեցնենք, որ «Ուսանողական ամառ Կապան» երիտասարդական փառատոնն անց է կացվում 2013 թվականից. ամեն ամառ այն կազմակերպում է Կապան համայնքի ղեկավարին կից երիտասարդական խորհուրդը: Դրան մասնակցում են հայաստանյան բուհերում եւ արտերկրում սովորող կապանցի ուսանողներ, այս տարի 120 ուսանող է հայտագրվել մասնակցության համար: 
Փառատոնի հանդիսավոր բացումը տեղի կունենա օգոստոսի 11-ին, բայց մինչ այդ էլ արդեն ուսանողները, ջոկատների բաժանված, ակտիվ գործունություն են ծավալում, հանդես գալիս նախաձեռնություններով: 
Կարեն Համբարձումյանը ողջունեց ուսանողներին եւ նշեց՝ գովելի է, որ նրանք ձգտում են ամառն առավել բովանդակալից անցկացնել հայրենի քաղաքում եւ կազմակերպել իրենց առօրյան՝ դրան մասնակից դարձնելով համայնքի բոլոր ուսանողներին եւ ինչու չէ՝ պաշտոնյաներին: 
«Համոզված եմ՝ այս փառատոնը հիանալի հարթակ է ձեզ համար հաստատելու նոր ծանոթություններ, առավել լավ ճանաչելու ձեր համայնքը, նաեւ՝ ի հայտ բերելու ձեր շարքերում եղած շնորհալիներին: Հուսով եմ՝ այդ ընկերությունը շարունակելու եք նաեւ ուսանողական հետագա տարիներին», - նշեց մարզպետը: 
Այնուհետեւ զրույց ծավալվեց հանդիպման մասնակիցների միջեւ, որի ընթացքում մարզպետն ու մյուս պատասխանատուները պատասխանեցին ուսանողներին հուզող հարցերին: Դրանք հիմնականում վերաբերում էին առողջապահական, կրթական ոլորտներին, տրանսպորտի աշխատանքին, աշխատաշուկային եւ այլն: Մարզի ղեկավարը յուրաքանչյուր հնչած հարցի վերաբերյալ հանձնարարական տվեց, խոստացավ ուսումնասիրել ու լուծման տարբերակներ գտնել: Քննարկվեց նաեւ փառատոնը մարզային ձեւաչափով անցկացնելու առաջարկը: 
Իսկ վերջում մարզպետի հորդորն ու խնդրանքը ուսանողներին մեկն էր՝ ուսման ավարտից հետո անպայման վերադառանալ հայրենի քաղաք ու նպաստ բերել Կապանի ու Սյունիքի զարգացմանը:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-27 16:07:37