Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՀՈՒՆԱՆ ՊՈՂՈՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԱՄԱՆՈՐԻ ԵՎ ՍՈՒՐԲ ԾՆՆԴՅԱՆ ՏՈՆԵՐԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

08.01.2019

Սիրելի՛ սյունեցիներ

Ջերմորեն շնորհավորում եմ  Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ: 
Ամենքիս համար ամենաբարի, լուսավոր ու ընտանեկան ջերմություն բերող տոնն է Նոր տարին, իսկ  նրա մուտքն ավետող ղողանջների  հրաշքին սպասում ենք բոլորս՝ անկախ տարիքից: Չէ՞ որ այս տոնի հետ են կապվում մեր նոր նպատակներն ու իղձերը եւ դրանք իրականություն դարձնելու հույսերը, որոնց իրավունքը վաստակում ենք սեփական համառ աշխատանքով: 

2019 թվականին բոլորիդ մաղթում եմ բազում հաջողություններ, առողջություն, բարեկեցություն, Հայոց սահմաններին՝ խաղաղություն:

Տարին ճանապարհելու եւ նորին սպասելու սահմանագծին, ամփոփելով 2018-ը, պետք է նշենք, որ այն բեկումնային էր ու հիշարժան ինչպես ողջ հանրապետության, այնպես էլ Սյունիքի մարզի համար. մի քանի ամսվա ընթացքում անցանք  քաղաքական տարբեր շրջափուլերով, վառեցինք  նոր Հայաստան կառուցելու լույսը, օրինական ու ազատ ընտրություններով հիմք դրեցինք նոր պետականաշինության, որը պետք է իրագործենք գալիք 2019-ին եւ հաջորդ տարիներին:

Ուստի, առջեւում առավել պատասխանատու եւ կարեւոր անելիքներն են, որոնցում ամենքս պետք է ներդնենք մեր ջանքն ու եռանդը՝ հանուն առավել կայուն, ապահով ու զարգացման անշրջելի ընթացք ունեցող Հայաստանի:

Իսկ այդ ամենում Սյունիքն ունի քանիցս պատմականորեն ապացուցված իր անառարկելի  դերը, ներդրումն ու առաքելությունը, որը պետք է  շարունակենք մենք՝ նոր իրողություններում ձեւավորված թիմով, որն ավելի վստահորեն է նայում ապագային եւ ունի փոփոխություններ կատարելու ու երկիրը շենացնելու կամք:

Թո՛ղ գալիք տարվա յուրաքանչյուր օրն իր հետ բերի նոր հնարավորություններ, որ կարողանանք միավորել մեր բոլոր ուժերը` ի նպաստ Սյունիքի ներկա մարտահրավերների դիմակայման, խնդիրների լուծման, սյունեցիների հոգսերի թեթեւացման:

Սիրելի՛ հայրենակիցներ, եւս մեկ անգամ շնորհավորելով ձեր Ամանորը՝ մաղթում եմ, որ հին տարին իր հետ տանի բոլոր դժվարություններն ու հոգսերը, իսկ Նոր տարում  իրականություն դառնան յուրաքանչյուրիդ հույսերն ու սպասումները: 
Թո՛ղ միշտ բոլորիդ կողքին լինեն հարազատներն ու բարեկամները, հավատարիմ ընկերները:

Թո՛ղ բոլորիդ օջախներում տիրի խինդն ու երջանկությունը:

Շնորհավո՛ր Ամանոր եւ Սուրբ Ծնունդ:

 

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2019-07-23 16:17:26