Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՏՈՆԵՐԻՑ ՀԵՏՈ ԷԼ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ ԱՄԱՆՈՐՅԱ ԱՅՑԵՐԸ
17.01.2019
Հունվարի 17-ին Սյունիքի մարզպետի տեղակալ Հերմինե Համբարձումյանը մարզպետարանի աշխատակիցների հետ այցելեց «Սյունիքի մարզի երեխայի եւ ընտանիքի աջակցության կենտրոն» հիմնադրամ, որը ձեւավորվել է մեկ տարի առաջ՝ «Կապանի երեխաների խնամքի եւ պաշտպանության գիշերօթիկ հաստատություն» ՊՈԱԿ-ի վերակազմավորման արդյունքում:
Այստեղ ցերեկային խնամք եւ աջակցություն է ստանում կյանքի դժվար իրավիճակներում հայտնված 3-18 տարեկան 100-ից ավելի երեխա ու պատանի: Այցելուները մարզպետ Հունան Պողոսյանի կողմից կենտրոնի շահառուների համար Ամանորի կապակցությամբ քաղցրավենիքի փաթեթներ էին բերել:
Հյուրերը կառույցի տնօրեն Ռուզաննա Հովհաննիսյանի հետ շրջեցին կենտրոնի շենքում, ծանոթացան վերակազմավորումից հետո այստեղ կատարված փոփոխություններին, այցելող երեխաներին, նրանց համար ստեղծված պայմաններին, աշխատակիցներին, մատուցվող մասնագիտական ծառայություններին եւ առաջիկա ծրագրերին:
Կենտրոնի սաները հյուրերի համար Ամանորին նվիրված փոքրիկ միջոցառում էին պատրաստել, որի ավարտին Հերմինե Համբարձումյանը շնորհավորեց բոլորին անցած տոների կապակցությամբ՝ կարեւորելով այս կենտրոնի կատարած աշխատանքը մեր հասարակության համար: