Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՄԱՐԶԻ ՓՐԿԱՐԱՐՆԵՐՆ ԱՄՓՈՓԵՑԻՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԻՐԵՆՑ ԱՇԽԱՏԱՆՔԸ

31.01.2019

Հունվարի 31-ին Սյունիքի մարզպետարանի նիստերի դահլիճում ՀՀ ԱԻՆ ՓԾ  Սյունիքի մարզային փրկարարական վարչությունն ամփոփեց 2018 թվականի ընթացքում իր կատարած հիմնական աշխատանքները:

Հանդիպմանը ներկա էին Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության տնօրենի տեղակալ փ/ծ գնդապետ Հովհաննես Եմիշյանը, ՀՀ ԱԻՆ ՓԾ փրկարար ուժերի վարչության պետի տեղակալ փ/ծ գնդապետ Արմեն Գեւորգյանը, ԱԻՆ փրկարար ծառայության մարզային տարբեր ստորաբաժանումների ներկայացուցիչներ:

Բացելով խորհրդակցությունը՝ Հունան Պողոսյանը նշեց, որ արդյունավետ համագործակցություն կա փրկարարական վարչության, մարզպետարանի եւ համայնքապետարանների միջեւ:

Հիմնական զեկուցողը՝ Սյունիքի մարզային փրկարարական վարչության պետ փ/ծ գնդապետ Բագրատ Զաքարյանը, ներկայացրեց անցած տարում վարչության կատարած աշխատանքը եւ արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության ու քաղաքացիական պաշտպանության համակարգերի գործունեության ցուցանիշները: Ըստ այդմ՝ 2018 թ. վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնում գրանցվել է 17 382 հեռախոսազանգ, արձագանքել են 793-ին, 147-ը՝ փոխանցել այլ ծառայությունների, մնացածը եղել են այլ բնույթի: Մարզում գրանցվել է 793 արտակարգ դեպք, դրանց հետեւանքավ զոհվել է 39 (2017-ին՝ 26), տուժել՝ 193 (2017-ին՝ 229) մարդ:

Սյունիքի մարզպետին մտահոգեց զոհերի թվի ավելացումը, որը կապված է հիմնականում ՃՏՊ-ների հետ, եւ նա հանձնարարեց մարզային ՓՎ-ճանապարհային ոստիկանություն-մարզպետարան համագործակցությամբ կատարել ուսումնասիրություն եւ վերլուծություն՝ վեր հանելով դրանց պատճառները, երթեւեկության հետ կապված խնդիրները, ճանապարհների վիճակը եւ լուծումներ առաջարկել վերադաս մարմիններին՝ հնարավորինս դեպքերը կանխելու, ճանապարհներն անվտանգ դարձնելու համար:

Բ. Զաքարյանը ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի կողմից պատվոգիր հանձնեց տարվա ընթացքում իրենց հետ արդյունավետ համագործակցած կառույցների մի խումբ աշխատակիցների, այդ թվում՝ Սյունիքի մարզպետարանի տեղական ինքնակառավարման եւ հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչության պետ Սեյրան Ավետիսյանին: Մարզի փրկարարական վարչությանը անօդաչու թռչող սարք նվիրեց «Զանգեզուրի ՊՄԿ» ՓԲԸ-ն: Այնուհետեւ մարզի համայնքների ղեկավարների կողմից շնորհակալագրեր, նվերներ, դրամական պարգեւներ հանձնվեցին իրենց տարածքի հրշեջ փրկարար ջոկատներին, դրանց աշխատակիցներին:

Ամփոփելով հանդիպումը՝ Հովհաննես Եմիշյանն ընդհանուր առումով լավ գնահատեց մարզի փրկարարների աշխատանքը՝ տեղեկացնելով, որ առաջիկայում հանրապետությունը ճապոնական նոր փրկարար ավտոմեքենաներ կստանա, որոնք նաեւ Սյունիք կհասնեն:

Վերջում շնորհակալություն հայտնելով 2018-ին կատարած մեծ ու կարեւոր աշխատանքի համար՝ մարզի ղեկավարը շնորհավորեց պարգեւատրվածներին՝ հիշեցնելով, որ դա ոչ միայն իրենց անձնական, այլեւ ողջ կառույցի գնահատականն է:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-29 15:14:29