Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

«ԵՎՐՈՊԱՅԻ ՕՐԸ» ԿԱՊԱՆՈՒՄ ԲԱՑՎԵՑ ՊԼԱՍՏԻԿ ԹԱՓՈՆՆԵՐԻ ՎԵՐԱՄՇԱԿՄԱՆ ԱՐՏԱԴՐԱՄԱՍԸ

13.05.2019

Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը մայիսի 11-ին «Եվրոպայի օր» տոնակատարության շրջանակներում մարզկենտրոն Կապանում գտնվող` ՀՀ-ում Եվրոպական Միության դեսպան Պյոտր Սվիտալսկուն ուղեկցել է Կապանի երկրագիտական թանգարան այցի ընթացքում. ԵՄ պատվիրակության անդամներն այստեղ ծանոթացել են ներկա ցուցադրանքին ու թանգարանի բացառիկ ցուցանմուշներին:

Օրվա երկրորդ կեսին մարզպետը մասնակցել է «ԿԱՊԱՆԻ ՊԼԱՍՏՇԻՆ» ՀՈԱԿ-ի բացման հանդիսավոր արարողությանը. արտադրամասն արդեն փորձնական արտադրանք էր տվել:

Նշենք, որ այն հիմնադրվել է «Բնապահպանական մարտահրավերների վերածումը հնարավորությունների. պլաստիկ թափոններից շինարարական նյութերի ստացում» ծրագրի շնորհիվ, որը մեկնարկել էր 2016-ից. ծրագրի համաներդրողներն են Եվրոպական Միությունը, Կապանի համայնքապետարանը, ՀՀ կառավարությունը, «Ուրբան» կայուն զարգացման հիմնադրամը, «Հայ կոնսալտ» խորհրդատվական հիմնադրամը, «Մրցունակ հասարակություն» սոցիալ-տնտեսական ՀԿ-ն:

Նորաստեղծ ձեռնարկություն են տեղափոխվում Սյունիքի եւ Վայոց ձորի համայնքներում կենցաղային աղբից տարանջատված պլաստիկ թափոնները եւ այստեղ նորարարական տեխնոլոգիայով պոլիմեր-ավազային խառնուրդից ստանում շինանյութ՝ մայթի սալիկներ, կղմինդր, եզրաքարեր, դիտահորի կափարիչ եւ այլն:

Իր ողջույնի խոսքում Հունան Պողոսյանը նախ շնորհակալություն հայտնեց ԵՄ դեսպանին այս այցի համար եւ շնորհավորեց բոլորին «Եվրոպայի օրվա» կապակցությամբ:

«Ձեռնարկը, որի մեկնարկը տրվել էր վաղուց, այսօր հասավ իր տրամաբանական ավարտին, այն ընդգծված բնապահպանական նշանակություն ունի տարածաշրջանի համար: Ձեռնարկությունը, որը փորձնական աշխատանքից հետո այսօրվանից արդեն կսկսի գործել, կարծում եմ, միայն բարիք է բերելու տարածաշրջանին եւ մասնավորապես, Կապանին, այն շատ ցայտուն օրինակ է համագործակցության՝ Եվրամիության, մեր կառավարության, համայնքային իշխանությունների եւ ՀԿ-ների միջեւ: Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր մասնակցել են այս նախաձեռնությանը: Ցանկանում եմ, որ այն չլինի վերջին նման ձեռնարկը, եւ նշեմ, որ մենք միշտ պատրաստ ենք առանց ավելորդ վարչարարության ու քաշքշուկների կանգնել ցանկացած նոր գործի կողքին: Կրկին շնորհակալություն եմ հայտնում Ձեզ՝ պարո՛ն Սվիտալսկի, մեր գեղեցիկ հայրենիքի այս գեղատեսիլ վայրում այսօր «Եվրոպայի օրը» անցկացնելու համար», - նշեց մարզի ղեկավարը:

Երեկոյան Հունան Պողոսյանը մասնակցեց «Եվրոպայի օրվա» տոնի շրջանակներում կազմակերպված միջոցառումներին:

Նշենք, որ ՀՀ-ում Եվրամիության պատվիրակությունը «Եվրոպայի օրվա» տոնակատարություններն այս տարի հանրապետությունում սկսել է Սյունիքի մարզից:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 12:35:56