Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՄԵԼԻՔՍԵԹ ՊՈՂՈՍՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

10.11.2021

Սիրելի՛ հայրենակիցներ

Այսօր լրանում է ՀՀ-ում տեղական ինքնակառավարման համակարգի ներդրման 25 ամյակը: Քառորդ դար առաջ մեր պետությունը որոշեց գնալ բնակավայրերում ինքնակազմակերպման ու ինքնակառավարման այս ճանապարհով։
Օրվա առիթով ի սրտե շնորհավորում եմ ոլորտի բոլոր ներկայացուցիչներին՝ համայնքների ղեկավարներին, ավագանիների անդամներին, համայնքային ծառայողներին և համայնքային ենթակայության կազմակերպությունների աշխատակիցներին։
Անցած տարիների ընթացքում տեղական ինքնակառավարումը դժվարին և ուսանելի ուղի է անցել՝ սկսած համակարգի ներդրումից, ուժեղ և թույլ կողմերի բացահայտումից, կայացումից մինչև զարգացում և այդ զարգացման շարունակականության ապահովում։
Դառնալով հիմնարար ինստիտուտներից մեկը՝ այն մեր երկրում բնակչության համար իրական հնարավորություն ստեղծեց՝ մասնակցելու կարևոր հարցերին լուծում տալու գործընթացներին, համայնքներում ու բնակավայրերում հանդես գալու նախաձեռնություններով։
Քսանհինգամյա փորձից ելնելով՝ կարող ենք փաստել, որ համակարգն ընդհանուր առմամբ աշխատում է, բնագավառում հաջողություններ են արձանագրվել, սակայն ոլորտի ավելի ցանկալի տեսլականը պահանջում է շարունակել համակարգային բարեփոխումները, որին այսօր ձեռնամուխ է կառավարությունը՝ ավարտին հասցնելով համայնքների խոշորացման գործընթացը, ընդլայնելով դրանց զարգացմանն ուղղված պետական կառավարման ինստիտուտների աջակցությունը, կատարելագործելով համայնքներում սուբվենցիոն ծրագրերի իրականացման մեխանիզմները, ավելի ամրապնդելով պետություն-համայնք կապը։
Սյունիքի մարզի օրինակով կարող ենք փաստել, որ պետություն-համայնք համագործակցությունն արդյունավետ աշխատեց նաև արտակարգ պայմաններում՝ 2020թ․ բռնկված համավարակի դեմ համատեղ պայքարում, Արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ։
Այս առումով անչափ կարևորում եմ ՏԻՄ-ի համագործակցությունը տարածքային կառավարման մարմինների ու կառավարության հետ, որի արդյունքը լինում են համատեղ գրանցած հաջողությունները, զարգացող համայնքները, բնակիչների բարեկեցիկ կյանքը։ Կառավարությունը, պետական կառավարման մարմինները, Սյունիքի մարզպետարանը ամուր կանգնած են համայնքների կողքին և աջակցելու են նրանց խնդիրների շարունակական լուծմանը։
Կրկին շնորհավորում եմ բոլորիս այս պետական կարևոր տոնի առիթով, նաև՝ մեր մարզի համայնքների՝ 2021թ․ հոկտեմբերի ՏԻՄ ընտրությունների արդյունքում ձեւավորված նորընտիր ՏԻ մարմիններին, հաջողություններ ու արդյունավետ աշխատանք մաղթում տեղական ինքնակառավարման ոլորտի ու նրանց հետ համագործակցող պետական կառավարման համակարգի աշխատակիցներին։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-16 10:46:30