Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Ընդհանուր տեղեկություններ

Բնության հատուկ պահպանվող տարածքներ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ N 1465-Ն ՈՐՈՇՄԱՄԲ <<ՇԻԿԱՀՈՂ>> ՊԵՏԱԿԱՆ ԱՐԳԵԼՈՑ>> ՊՈԱԿ-Ի ԵՎ <<ԱՐԵՎԻԿ>> ԱԶԳԱՅԻՆ ՊԱՐԿ>> ՊՈԱԿ-Ի ՄԻԱՁՈՒԼՈՒՄԻՑ ՍՏԵՂԾՎԵՑ <<ԶԱՆԳԵԶՈՒՐ>> ԿԵՆՍՈԼՈՐՏԱՅԻՆ ՀԱՄԱԼԻՐ>> ՊՈԱԿ, ՈՐԸ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՒՄ Է ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ 79660.5ՀԱ ԲՆՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ՊԱՀՊԱՆՎՈՂ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ՝ ՆԵՐԱՌԵԼՈՎ ԻՐ ՄԵՋ 7 ՄԱՍՆԱՃՅՈՒՂԵՐ՝

<<ՇԻԿԱՀՈՂ>> ՊԵՏԱԿԱՆ ԱՐԳԵԼՈՑ>> – 12137 ՀԱ
<<ԶԱՆԳԵԶՈՒՐ>> ՊԵՏԱԿԱՆ ԱՐԳԵԼԱՎԱՅՐ>> – 25870.64 ՀԱ 
<<ԱՐԵՎԻԿ ԱԶԳԱՅԻՆ ՊԱՐԿ>> - 30353.8 ՀԱ 
<<ՍՈՍՈՒ ՊՈՒՐԱԿ>> ՊԵՏԱԿԱՆ ԱՐԳԵԼԱՎԱՅՐ>> – 64.2 ՀԱ
<<ԽՈՒՍՏՈՒՓ>> ՊԵՏԱԿԱՆ ԱՐԳԵԼԱՎԱՅՐ>> - 6946.7ՀԱ 
<<ԲՈՂԱՔԱՐ>> ՊԵՏԱԿԱՆ ԱՐԳԵԼԱՎԱՅՐ>> - 4048 ՀԱ 
<<Սև ԼԻՃ>> ՊԵՏԱԿԱՆ ԱՐԳԵԼԱՎԱՅՐ>> – 240.1 ՀԱ

 

<<Զանգեզուր>> արգելավայր

"Զանգեզուր" արգելավայրը ստեղծվել է 2009 թ. հոկտեմբերի 15-ին (ՀՀ կառավարության N1187-Ն որոշում) և հանդիսանում է նոր պահպանվող տարածքներից մեկն է, որի նպատակն է ապահովել Սյունիքի մարզի Բարգուշատի լեռնաշղթայի հարավային և Զանգեզուրի լեռնաշղթայի արևելյան լանջերի մերձալպյան մարգագետնային և մարգագետնատափաստանային բնական էկոհամակարգերի լանդշաֆտային ու կենսաբանական բազմազանության, բնության եզակի հուշարձանների, բնական պաշարների բնականոն զարգացումը, պահպանությունը, պաշտպանությունը, վերականգնումը, վերարտադրությունը, ինչպես նաև բնական և ռեկրեացիոն ռեսուրսների կայուն օգտագործումն: Այն գտնվում է "Շիկահող" պետական արգելոց" պետական ոչ առևտրային կազմակերպության ենթակայության տակ:
Արգելավայրի տարածքը կազմում է 17369 հա, զբաղեցնում է Զանգեզուրի լեռնաշղթայի Ողջի և Գեղի գետավազաններն ու Բարգուշատի լեռնաշղթայի հարավային լանջերը և սահմանակցում է Քաջարան քաղաքի լեռնագործական շրջանին և Մեղրու լեռնաշղթային` արևելքում ու Ադրբեջանի Նախիջևանի Հանրապետության "Օրդուբադ" ազգային պարկին` հարավ-արևմուտքում:

"Սոսու պուրակ"  արգելավայր

"Սոսու պուրակ" արգելավայրը իր մեջ ներառում է արևելյան սոսու Կովկասում ամենախոշոր բնական պուրակը: Այն ստեղծվել է 1958 թ-ին ՀՍՍՀ Մինիստրների Խորհրդի (թիվ Պ-341) որոշմամբ և այժմ զբաղեցնում է 64.2 հա տարածք: Մինչև 2004 թ. այն գտնվում էր Կապանի անտառտնտեսության ենթակայության տակ, իսկ հետո բնապահպանական գործունեությունը խստացնելու նպատակով հանձնվել է "Շիկահող" արգելոցին: Արգելավայրը գտնվում է "Շիկահող" արգելոցին կից Ծավ գետի հովտում` Ներքին Հանդ գյուղի մոտ ծովի մակարդակից 700-800 մ բարձրության վրա: Մարդու գործունեության ազդեցությունը մեղմացնելու համար արգելավայրը շրջապատված է մոտ 100 մ լայնություն ունեցող բուֆերային գոտով, որտեղ ընկած են Ներքին Հանդ գյուղի և Կապանի անտառտնտեսության հողերը:
Շնորհիվ ցածր ռելիեֆի, արգելավայրի կլիման մեղմ է ու բավականին տաք: Ձնածածկը ձևավորվում է ոչ ամեն տարի, արագ հալվում է և հասնում ոչ ավել, քան 10 սմ: Միջին տարեկան տեղումների քանակը կազմում է 530 մմ:
Սուսու պուրակը ունի ձգված տեսք` Ծավ գետի երկայնքով 50-200 մ լայնությամբ և 10 կմ երկարությամբ: Պուրակի հիմքում ընկած են 200-250-ամյա հազարից ավել ծառեր, որոնք հասնում են 30-35 մ բարձրությանը և պահպանվել են մինչ այժմ: Բացի սոսուց, այստեղ աճում են նաև այլ արժեքավոր և հազվագյուտ տեսակներ` հունական ընկուզենին, արաքսյան կաղնին, հունական շրջահյուսը, թավշային իլենին և այլն:
Ողնաշարավորների ֆաունայից բավականին բազմազան են սողունները` 7 տեսակի մողեսներ, 8 տեսակի օձեր և 2 տեսակի կրիաներ: Հազվագյուտ տեսակներից հանդիպում են շերտավոր մերկաչքը, կատվաօձը և անդրկովկասյան սահնօձը:

 "Շիկահող"  պետական արգելոց

"Շիկահող" պետական արգելոցը ստեղծվել է 1958 թ-ին Կապանի անտառտնտեսության հողերի վրա ՀՍՍՀ Մինիստրների Խորհրդի թիվ Պ-341, 13.09.1958 թ. որոշմամբ` Մեղրու լեռնաշղթայի հյուսիսային լանջերի վրա գտնվող լայնատերև անտառների յուրահատուկ ֆլորան և ֆաունան պահպանելու, ուսումնասիրելու և վերականգնելու նպատակով: 1963 թ-ին այն վերափոխվել է Բարթասի արգելավայրի և վերականգնվել է որպես արգելոց միայն 1975 թ-ին: Պահպանության հիմնական օբյեկտներն են հանդիսանում լայնատերև (կաղնու, բոխու) անտառները, յուրահատուկ բուսական համակեցությունները (կենու, արևելյան սոսու և արևելյան հաճարենու պուրակները), դրանց բուսական և կենդանական աշխարհը /վայրենակերպ, հովազ, մուֆլոն, բեզոարյան այծ/:
Արգելոցը գտնվում է Սյունիքի մարզի Կապանի տարածաշրջանում և զբաղեցնում է 12073 հա տարածք: Արգելոցը բաղկացած է Շիկահողի և Մթնաձորի տեղամասերից: Մինչև 2006 թ-ը դրա տարածքը ավելի փոքր էր` 10330 հա:
Շիկահողը զբաղեցնում է Ծավ և Շիկահող գետերի ավազանները Մեղրու լեռնաշղթայի հյուսիսային լանջերի վրա և իր մեջ ներառում է Շախբուզ (2372 մ), Գյումարանց (2366 մ), Մազրա (2198 մ) և Բարթաս (2186 մ) լեռնագագաթները: Արգելոցին սահմանակցում են Շիկահող, Սրաշեն, Ծավ, Շիշկերտ և Ներքին Հանդ գյուղերը:
Արգելոցի սահմաններն անցնում են հարավում Մեղրու լեռնաշղթայի ջրբաժանով, իսկ մնացած կողմերից` վերը նշված գյուղերի համայնքային հողերի սահմաններով:

 

<<Խուստուփ>> պետական արգելավայր>>
<<Զանգեզուր>> կեսոլորտային համալիր>> ՊՈԱԿ-ի ստեղծման հետ միասին ստեղծվել է «Խուստուփ» պետական արգելավայր մ/ճ: Այն զբաղեցնում է 6946.74հա և ընդգրկում է Մեղրու լեռնաշղթայի հարավ-արևմտյան ճյուղավորության Խուստուփ լեռնազանգվածի բարձր լեռնային հատվածը: <<Խուստուփ>> պետական արգելավայրի կազմակերպման հիմնական նպատակը ՀՀ Սյունիքի մարզի Մեղրու լեռնաշղթայի հարավ-արևմտյան ճյուղավորության Խուստուփ լեռնազանգվածի անտառային գոտու վերին հատվածի, մարգագետնատափաստանային և մարգագետնային բնական էկոհամակարգերի զարգացման բնականոն ընթացքի, լանդշաֆտային ու կենսաբանական բազմազանության, բնության հուշարձանների, բնության ժառանգության պահպանության, պաշտպանության, վերականգնման, վերարտադրության, ինչպես նաև բնական պաշարների կայուն օգտագործման ապահովումն է:

 

 <<Բողաքար>> պետականարգելավայր>>

Կազմավորվել է 1989թ-ին, ունի 4048հա տարածք։ Գտնվում է ՀՀ Սյունիքի մարզում՝ Զանգեզուրի լեռնաշղթայի հարավային լանջերին՝ 1400-2100մ բարձրություններում։ Ստեղծվել է՝ բուսական աշխարհի ու կենդական աշխարհի էնդեմիկ (Սոսնովսկու վարդկակաչ, Թախտաջյանի խլածաղիկ և այլն) և հազվագյուտ (խոլորձներ, արաքսյան կաղնի, սագասոխուկ) տեսակների պահպանության նպատակով։
  "Սև լիճ"  արգելավայր

Սև լիճը գտնվում է ՀՀ Սյունիքի մարզում` Սյունիքի հրաբխային բարձրավանդակի Մեծ Իշխանասար լեռնաստորոտի խառնարանային մասում` 2658 մ բարձր. վրա: Անհոսք քաղցրահամ լիճ է: Մակերեսը մոտ 240 հեկտար է, երկարությունը` 1,6 կմ, լայնությունը` 1,2 կմ, առավելագույն խորությունը մոտ 7,5 մ է, ջրի ծավալը` ավելի քան 9 մլն մ³: Լիճը կազմավորվել է ձնհալից և բնական աղբյուրներից, որոնք լցվել են լեռան խառնարանը: Լիճը շրջապատող տարածքը ծածկված է բուսականությամբ, որը բնորոշ է ալպյան մարգագետիններին: Առանձնացվում են 102 տեսակի բույսեր: Արգելավայրի նպատակն է պահպանել բարձր լեռնային հրաբխային ծագման եզակի ջրավազանը և նրա հարակից բնատարածքները, 102 տիպի անոթավոր բույսերն ու ալպյան գոտու բուսական և կենդանական համակեցություններ:
"Սև լիճ" արգելավայրը հիմնադրվել է ՀՀ կառավարության 12.10.2001թ. Ն-975 որոշմամբ` ՀՀ կառավարության 17.10.1987թ. N717 որոշմամբ ստեղծված արգելոցի բազայի վրա:

 

<<Արևիկ ազգային պարկ>>
Բնության հատուկ պահպանվող տարածքների համակարգի զարգացման ու ընդլայնման նպատակով Սյունիքի մարզի Մեղրու տարածաշրջանում ընդունվեց <<Արևիկ>> ազգային պարկ ստեղծելու որոշումը: <<Արևիկ>> ազգային պարկը ստեղծվել է 2010թ: Ազգային պարկի տարածքում ներկայացված են լանդշաֆտային գոտիների գրեթե ողջ համակարգը՝ սկսած ցածր և միջին լեռնային կիսաանապատներից մինչև բարձր լեռնային տափաստաններն ու Մեղրի գետի վերին հոսանքների մերձալպյան տիպի լանդշաֆտը: Տարածքը կազմում է շուրջ 30353.8հա: Հատուկ ուշադրության առարկա են վայրի բնության հազվագյուտ և ոչնչացող տեսակները: 60 տարիների ընթացքում առաջին անգամ Հայաստանում հայտնաբերվել է զոլավոր բորենի, որը գրանցված է Հայաստանի Կարմիր Գրքում:
 

 "Սատանայի կամուրջ"

Տաք ջուր – Որոտանի վրա գտնվում է Հայաստանի բնության հրաշալիքներից մեկը "Սատանայի կամուրջ"-ը: Այն ջրի խելահեղ հոսանքի վրա կախված անձեռագործ բնական տանիք է` մոտ 150 մետր լայնությանբ և 200 մետր երկարությամբ: Կամուրջը կազմված է կրաքարից և տրավիրտինից, ունի հարթ մակերևույթ. նրա առանձին փոսերում պղպջակներ արձակելով բխում են տաք հանքային աղբյուրներ: Կիրճի երկու զառիթափի լանջերը ևս կազմված են տրավերտինից, որոնք դեղնակարմրավուն քարափների երկու կողմից 250-300 մետր բարձրությոմբ պարիսպներով իջնում են կամրջի եզրին: Այդ քարափները այնքան իրար մոտ են, որ կազմում են ընդամենը 180-200 մետր լայնությամբ մի նեղ միջանցք: Կամրջի բարձրությունը գետի մակերևույթից կազմում է մոտ 100 մետր: Նրա տակ կուտակված տրավերտինե սյուները, վիթխարի ստալակտիտներ, կախված են գետի վրա և ունեն դեղին գույն, իսկ ներքևում հետզհետե կանաչում են նմանվելով փրփրագեղ ջրերին: Այդ ստալակտիտները առաջանում են շրջակա քարափների և հենց կամրջի ընդերքում հոսող հանքային ջրերի մեջ լուծվող կալցիումի և այլ աղերի անջատումից:
Սատանայի կամրջի վրա և շրջակայքում կան հանքային աղբյուրներ, որոնց ջրի քանակը կազմում է օրական 500-600 հազար լիտր: Նրանց ջերմաստիճանը 25 աստիճան է:
Սատանայի կամրջի հանքային աղբյուրների մասին Պրոֆ. Ա.Ա. Ֆլորենսկին գրել է. "Սատանայի կամուրջ"-ի աղբյուրները բնության հրաշագեղ հուշարձաններ են, որոնք հիացմունք են պատճառում իրենց յուրահատկությամբ և գեղեցկությամբ: Դարեր շարունակ այդ հանքային ջրից նստվածք է առաջացել և անդնդախոր ձորի երկու ափերը ամուր միացել են իրար, որի միջով հոսում է որոտընդոստ Որորտան գետը":
Տեղի բնակիչները վաղ ժամանակներում չկարողանալով բացատրել երկրաբանական այդ պրոցեսները, այն համարել են սատանայի գործ, իսկ կամուրջը "Սատանայի կամուրջ":
Դարեր շարունակ ժողովուրդները այդ ջրերը օգտագործել են զանազան հիվանդությունների, հատկապես ռեմատիկ, բուժման համար:

Շաքեի ջրվեժ

Գտնվում է Որոտանի կիրճում, Սիսիանից 3 կմ հյուսիս-արեւմուտք, Որոտանի ձախակողմյա Շաքե վտակի վրա: Բարձրությունը 18 մ է: Շաքեն Հայաստանի ամենաբարձր եւ գեղեցիկ ջրվեժն է, այն մշտապես գրավել է այցելուներին և եղել զբոսաշրջիկների ուշադրության կենտրոնում: Ջրվեժը հավասարապես գեղեցիկ է տարվա ցանկացած եղանակին:
Հեռավորությունը միջպետական մայրուղուց 4 կմ է:

 

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-14 10:22:56