Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Ընդհանուր տեղեկություններ

Զբոսաշրջություն

Սյունիքի զբոսաշրջային ներուժի նկարագրությունը

Զբոսաշրջությունը համաշխարհային տնտեսության զարգացման հիմնական շարժիչ ուժերից մեկն է, որի զարգացումը նպաստում է կայուն տնտեսական առաջընթացին, շրջակա միջավայրի պահպանությանը, համաչափ տարածքային տնտեսական զարգացմանը, աղքատության հաղթահարմանը, պատմամշակութային ժառանգության և ավանդույթների պահպանությանն ու զարգացմանը, մշակութային արժեքների փոխադարձ արժևորմանը։
Զբոսաշրջությունը Հայաստանի տնտեսության առավել դինամիկ զարգացող ոլորտներից մեկն է և հայտարարված է տնտեսության գերակա ճյուղ։
Սյունիքի մարզում առկա է զգալի զբոսաշրջային ներուժ։ Մարզի զբոսաշրջային ներուժը ներկայացված է Սյունիքի հարուստ, գեղատեսիլ և առողջարար բնությամբ, անտառներով, լեռներով, պատմամշակութային արժեքներով, բնության հուշարձաններով, բուժիչ ջրաղբյուրներով և ենթակառուցվածքներով։ Սյունիքը հարուստ է գեղատեսիլ լեռներով։ Մարզում են գտնվում ՀՀ երկրորդ լեռնագագաթը` Կապուտջուղը (3904մ), Խուստուփ լեռը (3214մ), Բարգուշատի լեռնաշղթայի գեղատեսիլ բարձունքները` Աճանան (Տափասար) լեռը (2393մ), Կատարը (3012մ) և այլն։
Սյունիքն առատ է նաև ստորերկրյա քաղցրահամ, հանքային թերմալ ջրերով, որոնցից են Սիսիան-Ուռուտյան, Լիճք-Տաշտունյան, Քարաշեն-Խոզնավարյան հանքային աղբյուրները, "Քաջարան" թերմալ ջուրը,  որը "Ջերմուկի" նմանօրինակն է։
Մարզի քաղաքներում գործում են հյուրանոցներ, մասնավոր հյուրանոցատիպ հանգրվաններ, հանրային սննդի օբյեկտներ։
Մարզը հարուստ է պատմամշակութային և բնության հուշարձաններով, տեսարժան վայրերով։ Հայաստանում հայտնի են Սյունիքի մարզի զբոսաշրջային գրավչության բնական օբյեկտները։ Մարզի զբոսաշրջության զարգացման համար նշանակալի և գլխավոր դեր կարող են խաղալ Տաթևի վանական համալիրը, Քարահունջի աստղադիտարանը։ Տաթևի վանքը միջնադարյան ճարտարապետության ակնառու հուշարձան է, որն ընդգրկում է Գրիգոր Լուսավորչի, Պողոս-Պետրոս եկեղեցիները (խաչագմբեթային սրահի տեսքով, ընթերասեղաններով 4 անկյուններում և որմնանկարներով, 10-րդ դ.), Սուրբ Աստվածածին եկեղեցին (գմբեթային սրահի տեսքով, 11-րդ դ.), ամենաուշագրավ հուշարձանը՝ ճոճվող սյունը (904թ.)։
Զբոսաշրջության զարգացման գործընթացում կարևորվում է հուշանվերների շուկայի առկայությունը և զարգացումը։ Մարզում կան շնորհալի վարպետներ, որոնք այսօրվա դրությամբ կատարում են սակավաթիվ պատվերներ կամ էլ իրացնում են իրենց արտադրանքը մայրաքաղաքում և Հանրապետության սահմաններից դուրս։ Պահանջարկի առկայության դեպքում հուշանվերների շուկան մարզում շատ արագ կարող է վերականգնվել այս վարպետների և առևտրական կազմակերպությունների միջոցով։
Զբոսաշրջության զարգացման կարևոր բաղադրիչներից է նաև սյունեցու կերպարը. խառնվածքը, հյուրասիրությունը։ Սիսիանի պանիրը, Քարահունջի թթի օղին, Կապանի "ժինգյալով հացը", Մեղրու նուռն ու թուզը կարող են դառնալ զբոսաշրջային գրավչության տարրեր։


Զբոսաշրջության ոլորտի զարգացման ռազմավարությունը


Մարզն ամեն տարի կարող է ընդունել և սպասարկել մոտ 6000 և ավելի զբոսաշրջրիկ։ Զբոսաշրջության զարգացման շնորհիվ կլուծվեն մի շարք սոցիալական հիմնախնդիրներ (աշխատատեղերի ստեղծում, շուկայի ընդլայնում և այլն)։
Սյունիքի մարզում զբոսաշրջության զարգացման համար անհրաժեշտ է առաջնորդվել հետևյալ ռազմավարությամբ.
- Սյունիքի մարզում զբոսաշրջության զարգացման համալիր ծրագրի մշակում, որն իր մեջ կընդգրկի առկա ներուժի ամբողջական ուսումնասիրությունը, իրավիճակի գնահատականը և զարգացման ուղղությունների նախանշումը։ Արդյունավետ գործելու դեպքում մարզի տնտեսության մեջ զբոսաշրջության մասնաբաժինը կարելի է հասցնել ցանկալի արդյունքի և այն կարող է առաջնային տեղ զբաղեցնել լեռնահանքային արդյունաբերության. էներգետիկայի և գյուղատնտեսության կողքին
- Զբոսաշրջության զարգացման համար առաջնահերթ է ենթակառուցվածքների ներդաշնակ զարգացումը` հյուրանոցային համալիրների, հանգստյան տների վերանորոգում, վերակառուցում, կառուցում, մարզում առկա մշակութային ժառանգության` պատմամշակութային հուշարձանների գույքագրում, Տաթևի համալիրի վերանորոգման, Վահանավանքի և մարզի մյուս համալիրների վերանորոգման ավարտում, առանձին համալիրների վերանորոգում, վերակառուցում կամ մասնակի նորոգում, դեպի պատմամշակութային հուշարձաններ տանող ավտոճանապարհների վերանորոգում
- Մարզի տարածքում Էկոտուրիզմի զարգացման խթանում
- Մարզի` նախկինում գործող օդանավակայանների վերագործարկում, փոքր ավիացիայի օգտագործում
- Երկաթուղային տրանսպորտով կապի ապահովում Երևանի և արտաքին աշխարհի հետ։
- Ակտիվ և արդյունավետ մարքեթինգային քաղաքականության իրականացման միջոցով ՀՀ Սյունիքի մարզի որպես զբոսաշրջության համար բարենպաստ և գրավիչ երկրամասի նկարագրի ձևավորումը և միջազգային շուկայում ներկայացումն ու ամրապնդումը, մարզի ինտերնետային կայքում զբոսաշրջության վերաբերյալ վեբ էջի ստեղծում և էջի արհեստավարժ կառավարում
- Սփյուռքի հետ կապերի համատեքստում, արտասահմանում գտնվող հայության շրջաններում բարձրացնել Սյունիքի զբոսաշրջային գրավչությունը, ապահովել բարենպաստ ներդրումային միջավայրի ստեղծումը մեր հայրենակիցների համար
- Զբոսաշրջության զարգացման առաջնային ձևերի կիրառում։
 

Տաթևի վանքի վերածնունդ և զարգացում

Սյունիքի մարզի գլխավոր զբոսաշրջային գրավչության` Տաթևի վանքի վերանորոգում։ "Տաթևի վանքի վերածնունդ և զարգացում" (Տաթև 2020) ծրագիրն արդեն հաստատվել է Ազգային մրցունակության խորհրդի հոգաբարձուների խորհրդի կողմից և իրականացվելու է մասնավոր հատված-պետություն համագործակցության սկզբունքների ներքո։ Ծրագիրը բաղկացած է երեք փուլից` վանքի վերականգնում, 5,7 կիլոմետրանոց ճոպանուղու կառուցում և հյուրանոցային համալիրի կառուցում։ Ծրագրով ամբողջությամբ վերականգնվել է Տաթևի վանքի համալիրը։ Հարակից բնակավայրերի բնակչության համար ստեղծվել են երկարատև զարգացման հնարավորություններ` նոր աշխատատեղեր, կրթական համալիր և զբոսաշրջության կենտրոն։ Կառուցվել է ճոպանուղի, որը բավականին լավ հնարավորություն է ստեղծել զբոսաշրջության զարգացման համար։  Այն կլինի ՀՀ-ում ամենաերկար ճոպանուղին։ Ծրագրի իրականացման համար ֆինանսական միջոցների մեծ մասը մասնավոր ներդրումներ են, իսկ մի մասը (էլեկտրամոնտաժային աշխատանքներ, ճանապարհների կառուցում ու բարելավում և այլն) կատարել է ՀՀ կառավարությունը։ Ծրագրի իրականացման աշխատանքները կտևեն մոտ 3 տարի և կավարտվեն 2012 թվականին:
Տաթևի վանքի վերականգնման ծրագիրը և վերածնունդը, ինչպես նաև վանքի մոտակայքում տուրիստական համալիրի ստեղծումը, Արարատի, Վայոց Ձորի և Սյունիքի մարզերում զբոսաշրջության զարգացման խթան կհանդիսանա, քանի որ Երևանից մինչև Տաթև զբոսաշրջիկները հնարավորություն կստանան մեկ երթուղու վրա այցելել Խոր Վիրապ, Նորավանք, Զորաց քարերի աստղադիտարան, Տաթև և այլն։

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2017-07-17 16:47:17