Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Աշխատանքային այցով Սյունիքում էր արտակարգ իրավիճակների նախարարը

23.02.2011

 Արտակարգ իրավիճակների նախարարությունը պետք է դարձնենք այնպիսի կառույց, որ յուրաքանչյուր քաղաքացի վստահի փրկարար ծառայությանը։ Պետք է ստեղծել հայ փրկարարի նոր կերպար։ Այսօր Սյունիքի մարզպետարանի դահլիճում մարզի համայնքի ղեկավարների ու մարզային փրկարարական ծառայության աշխատակիցների հետ հանդիպման ժամանակ նման հայտարարությամբ հանդես եկավ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը։
Ըստ նախարարի` այդ գործում կարեւոր են նաեւ բնակչության ու տեղական իշխանությունների հետ հանդիպումները եւ առկա խնդիրների համատեղ քննարկումները։ Հանդիպման ընթացքում Ա. Երիցյանը համառոտ ներկայացրեց նախարարության 2010թ. կատարած աշխատանքները եւ 2011թ. անելիքները։ Մասնավորապես, նա կարեւորեց հանրապետությունում ճգնաժամային կառավարման կենտրոնի, «911» ծառայության, աղետների ռիսկերի նվազեցման պլատֆորմի ստեղծումը։ «Պետք է պատրաստ լինենք դիմակայելու ցանկացած աղետի, առավել եւս, որ Հայաստանի տարածքին, բացի ցունամիից, բնորոշ են բոլոր աղետները։ Ճիշտ պաշտպանության նպատակով պետք է իրազեկված լինի բնակչությունը։ Դրա համար պետք է միավորենք բոլոր ուժերը», - ասաց նախարարը։
Հանդիպման վերջում 2010թ. արդյունքներով քաղաքացիական պաշտպանության եւ արտակարգ իրավիճակների հետեւանքների վերացման բնագավառներում ակնառու հաջողությունների համար ՀՀ ԱԻ նախարարի պատվոգրերով ու շնորհակալագրերով պարգեւատրվեցին մարզպետարանի քաղաքաշինության վարչության աշխատակիցներ, մարզի համայնքների ղեկավարներ, ԱԻ մարզային վարչության աշխատակիցներ։ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը շնորհակալություն հայտնեց նախարարին մարզ կատարած այցի համար եւ վստահություն հայտնեց, որ այսուհետ համագործակությունը մարզի ու նախարարության միջեւ ավելի կսերտանա։ Նախարարն էլ ամենաբարձր գնահատականի արժանացրեց անցած ժամանակահատվածում Սյունիքի մարզպետի հետ համագործակցությունը։ Սյունիք կատարած երկօրյա աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ ԱԻ նախարարն այսօր եղավ նաեւ Քաջարանում` «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ում, որտեղ ընկերության գլխավոր տնօրեն Մաքսիմ Հակոբյանին հանձնվեց «Համագործակցություն` հանուն փրկության» մեդալ։ Վերջինս մեծ աջակցություն է ցուցաբերել ճգնաժամային կառավարման կենտրոնի շենքի կառուցման գործում։
Ա. Երիցյանին ուղեկցող` նախարարության բոլոր բաժինների ղեկավարները կլինեն նաեւ իրենց համապատասխան մարզային ծառայություններում ու տեղում կծանոթանան դրանց աշխատանքներին։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 12:36:33