Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Կայացավ մարզխորհրդի հերթական նիստը

12.05.2011

Սյունիքի մարզպետարանի նիստերի դահլիճում այսօր կայացավ մարզխորհրդի հերթական նիստը, որի ընթացքում ի թիվս այլ հարցերի քննարկվեցին մարզում հանրակրթության վերաբերյալ օրենսդրական պահանջների կատարման ընթացքի, ոլորտում առկա խնդիրների, մարդահամարի անցկացման նախապատրաստական աշխատանքների, գարնանային զորակոչին առնչվող հարցեր։
«2011թ. հանրապետությունում անցկացվելիք մարդահամարի աշխատանքները պատշաճ իրականացնելու եւ փորձնական մարդահամարի ընթացքում առաջացած մեթոդաբանական եւ կազմակերպական խնդիրներից խուսափելու նպատակով, Սյունիքի մարզպետի որոշմամբ, մարզում ստեղծված է մարդահամարի աշխատանքներին օժանդակող աշխատանքային խումբ' մարզպետի տեղակալ Վաչե Գրիգորյանի ղեկավարությամբ։ Մարզի քաղաքային ու գյուղական համայնքների ղեկավարներին առաջարկվել է հնարավորինս սեղմ ժամկետում պետական կառավարման իրավասու մարմինների, ոստիկանության համապատասխան բաժինների հետ համատեղ միջոցներ ձեռնարկել հասցեների առկա անճշտությունները շտկելու ուղղությամբ», - իր ելույթում ասաց ՀՀ ազգային վիճակագրական ծառայության Սյունիքի մարզային գործակալության պետ Վլադիմիր Գրիգորյանը։
Զեկուցողը կարեւորեց այն փաստը, որ մարզի 7 քաղաքային համայնքներից միայն Քաջարանում է փողոցների անվանացույցերի, թաղամասերի, շենքերի եւ տների համարանիշների առկայությունը լիարժեք։
Զեկուցելով մարզի կրթության ոլորտին առնչվող հարցերի մասին, մարզպետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետ Լյուդվիգ Հարությունյանը նշեց, որ նախորդ' 2009-2010 թթ. ուստարվա մարզի 1490 շրջանավարտներից 980-ն ընդունվել է բուհ, որից 132-ը' ոչ պետական։
Դպրոցականների առարկայական օլիմպիադայի հանրապետական փուլին մարզից մասնակցած 73 աշակերտից արդեն իսկ դիպլոմների արժանացել է 19-ը, 17-ն էլ ստացել են գովասանագրեր։ Մարզխորհրդի նիստի օրակարգային հաջորդ հարցի մասին մարզպետարանի իրավաբանական բաժնի պետ Կառլեն Կոզմանովը ներկայացրեց տեղեկատվություն մարզային ենթակայության կազմակերպությունների եւ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից Հայաստանի Հանրապետության օրենսդրական եւ այլ նորմատիվ իրավական ակտերի պահանջների կատարման վիճակի ու առկա խնդիրների մասին։
Խոսելով գարնանային զորակոչի անցկացման մասին' Գորիսի զինվորական կոմիսար, գնդապետ Պողոսյանն ասաց, որ անցած տարվա գարնանային եւ աշնանային զորակոչի ժամանակ ցուցաբերած բարձր ցուցանիշների համար ՀՀ պաշտպանության նախարարությունում մարզը ճանաչվել է լավագույնը, որի արդյունքում Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը եւ Գորիսի զինկոմ մայոր Մելիքսեթ Պողոսյանը ՊՆ նախարարի կողմից պարգեւատրվել են թանկարժեք նվերներով, իսկ Մեղրիի զինկոմ մայոր Դավիթ Անանյանն արժանացել է պատվոգրի։
Ամփոփելով մարզխորհրդի նիստը' Սյունիքի մարզպետ Ս. Խաչատրյանը նշեց, որ իր ուշադրության կենտրոնում են գարնանային զորակոչի եւ մարդահամարի անցկացման նախապատրաստական աշխատանքները, կրթության ոլորտին առնչվող խնդիրները, իսկ գյուղատնտեսության ոլորտի հետ կապված` մարզպետը հանձնարարեց մարզի համայնքների ղեկավարներին հնարավորինս աջակցել գյուղացիներին' մարզում գարնանացանի աշխատանքները պատշաճ մակարդակով իրականացնելու համար։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 14:59:02