Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Վարչապետ Սարգսյանը պարգեւատրել է «Իմ համայնքը» խորագիրը կրող շարադրության մրցույթի հաղթողներին
28.05.2011
Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր Ազգային պատկերասրահում մասնակցել է «Իմ համայնքը» խորագիրը կրող շարադրության մրցույթի ամփոփմանը։ Մրցույթը, որին մասնակցել են հանրապետության մարզերի 150 եւ Երեւանի 50 հանրակրթական դպրոցների 9-11-րդ դասարանցիները, կազմակերպվել է Հայաստանի Հանրապետության տեղական ինքնակառավարման մարմինների կազմավորման 15-ամյակի հոբելյանական միջոցառումների շրջանակներում։
Լավագույն շարադրության հեղինակ են ճանաչվել եւ գլխավոր մրցանակի արժանացել Սյունիքի մարզի Խնձորեսկ համայնքի միջնակարգ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտ Վահագն Գալստյանը, Գեղարքունիքի մարզի Սեւան քաղաքի Խաչատուր Աբովյանի անվան ավագ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտուհի Սոնա Ալեքսանյանը եւ Երեւանի թիվ 105 ավագ դպրոցի 10-րդ դասարանի աշակերտուհի Անի Ասլանյանը։
ՀՀ վարչապետ, ՏԻՄ համակարգի ներդրման 15-ամյակի հոբելյանական հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանն ընտրված լավագույն շարադրությունների հեղինակներին պարգեւներ է հանձնել։
Մրցույթում հաղթած բոլոր 14 աշակերտների ուսուցիչները պարգեւատրվել են ՀՀ կրթության եւ գիտության նախարարության շնորհակալագրերով, իսկ ՀՀ տարածքային կառավարման նախարարությունը դպրոցներին նվիրել է Ֆրիտյոֆ Նանսենի 15 հատորյակը։
Ավարտին մրցույթին մասնակցած աշակերտները լուսանկարվել են վարչապետի հետ։
Աշակերտների խնդրանքով վարչապետ Սարգսյանը մակագրել է նրանց հանձնված գրքերը։
Աղբյուրը` ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչություն