Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ փոխվարչապետն ու ՀԲ տարածաշրջանային տնօրենն այցելեցին Սյունիքի մարզ

30.05.2011

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը Համաշխարհային բանկի տարածաշրջանային տնօրեն Ասադ Ալամի հետ այսօր այցելեց Սյունիքի մարզ` ՀԲ աջակցությամբ մարզում իրականացվող ծրագրերի ընթացքին ծանոթանալու, նոր ծրագրերի հնարավորությունները տեղում քննարկելու նպատակով։
Հյուրերը նախ եղան «Որոտանի» կասկադի «Տաթեւ» ՀԷԿ-ում, ծանոթացան հզորություններին։ Տեղում ներկայացվեց ՀՀ կառավարության կողմից գերմանական KfW բանկի հետ իրականացվող 51 մլն եվրո արժողությամբ ծրագիրը, որով առաջիկա 5 տարիների ընթացքում նախատեսվում է արդիականացնել եւ վերազինել «Որոտան» կասկադի «Սպանդարյան», «Շամբ» եւ «Տաթեւ» ՀԷԿ-երը։
Քաջարանում պատվիրակությունը եղավ <Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ> ՓԲ ընկերությունում։ Տնօրինությունը ներկայացրեց արտադրողական կարողությունները եւ արդյունահանման ծավալները, առաջիկա ծրագրերը։ Ներկայումս կոմբինատում հանքաքարի վերամշակման հզորությունը տարեկան կազմում է 14 մլն տոննա։ Ընկերության ընդլայնման եւ վերազինման հաջորդ փուլի իրականացման արդյունքում նախատեսվում է վերամշակման ծավալը հասցնել տարեկան մինչեւ 20 մլն տոննայի։ Ընկերությունը նաեւ աջակցում է տարածաշրջանի համայնքների սոցիալ-տնտեսական զարգացմանն ուղղված մի շարք ծրագրերի իրականացմանը։ Մեղրիի տարածշրջանի Վարդանիձոր համայնքի հատվածում պատվիրակությանը ներկայացվեցին ոռոգման նոր ինքնահոս համակարգի կառուցման հնարավորությունները. այստեղ է նախատեսվում նոր համակարգի գլխամասը։ Ներկայումս տարածաշրջանի ոռոգումն իրականացվում է 18 պոմպակայանների միջոցով, որոնք ջուր են մղում Արաքսից։ Պոմպակայաններն արդեն ֆիզիկապես մաշված են, իսկ դրանք գործարկելու համար մեծ ծախսեր են պահանջվում։ Այժմ քննարկվում են ինքնահոս ոռոգման համակարգի կառուցման հնարավորությունները, ինչի համար տարածաշրջանում առկա են հիմնական պայմանները։ Համակարգը հնարավորություն կտա առավել արդյունավետ եւ նվազագույն ծախսերով կազմակերպել ոռոգումը տարածաշրջանում։
Նախնական գնահատականներով` ինքնահոս համակարգի կառուցման համար կպահանջվի մոտ 7 մլն դոլարի ներդրում։ Հյուրերը եղան նաեւ «Արաքս-2» պոմպակայանում, ծանոթացան առկա վիճակին։ Պատվիրակությունը եղավ Մեղրիի տարածաշրջանի համար կառուցվելիք բժշկական կենտրոնի տարածքում, ծանոթացավ հիվանդանոցի հատակագծին։ Նոր կենտրոնը նախատեսվում է կառուցել Մեղրի եւ Ագարակ քաղաքների միջեւ, ինչը օպտիմալ է համայնքների բնակչության սպասարկման տեսանկյունից։ Ներկայումս եւ Մեղրիում, եւ Ագարակում գտնվող հիվանդանոցներն աշխատում են թերբեռնված, որոշ ծառայություններից բնակչությունը նախընտրում է օգտվել Մեղրիում, որոշներից` Ագարակում։ Նոր կենտրոնի կառուցումը եւ ժամանակակից սարքավորումներով վերազինումը հնարավորություն կտա կենտրոնացնել բուժծառայությունների մատուցումը եւ բարձրացնել դրանց որակը։
Կենտրոնի կառուցումը եւ կահավորումը նախատեսվում է Համաշխարհային բանկի «Առողջապահական համակարգի արդիականացում» ծրագրի երկրորդ փուլի լրացուցիչ ֆինանսավորման վարկային ծրագրի շրջանակում։ Ներդրումների ծավալը կազմելու է մոտ 3,6 մլն դոլար։ Շինարարական աշխատանքները կսկսվեն այս տարի։
Հյուրերն այցելեցին նաեւ Ագարակի սահմանակետ եւ Մեղրիի մաքսատուն, որտեղ ներկայացվեց նաեւ Մեղրիի մաքսատանն իրականացվող բարեփոխումների ծրագրի ընթացքը։
Մեղրիի մաքսատանը կայացած քննարկմանը ներկայացվեցին մարզային նշանակության մի շարք ծրագրեր։ Մասնավորապես քննարկվեց Հայաստանի սոցներդրումների հիմնադրամի երրորդ վարկային ծրագրով մարզում իրականացվող աշխատանքների ընթացքը։ Նշվեց, որ այս տարի ծրագրեր են իրականացվում մարզի մոտ մեկ տասնյակ համայնքներում` հիմնանորոգվում են դպրոցներ, մշակույթի եւ համայնքային կենտրոնների շենքեր։ Ընդհանուր առմամբ, երրորդ ծրագրով մարզում իրականացվել է հիմնականում սոցիալական ենթակառուցվածքների բարելավմանն ուղղված 27 ծրագիր` 1,8 մլրդ դրամ ընդհանուր արժողությամբ։
Ա. Գեւորգյանն ու Ա. Ալամը քննարկեցին Հայաստանի կառավարության եւ ՀԲ-ի միջեւ համագործակցության առկա մակարդակին վերաբերող հարցեր։ Փոխվարչապետը բարձր գնահատեց ՀԲ-ի հետ համատեղ իրականացվող որակյալ առողջապահական ծառայությունների մատուցման ապահովմանը, գյուղատնտեսության զարգացմանը, սոցիալական եւ այլ ենթակառուցվածքների բարելավմանն ուղղված ծրագրերը, որոնք նպաստում են ՀՀ կառավարության որդեգրած տարածքների համաչափ զարգացման քաղաքականության իրականացմանը։ Նա առանձնահատուկ ընդգծեց «Ոռոգման համակարգերի հրատապ վերականգնման ծրագիրը», որը նաեւ ՀԲ-ի ղեկավարների կողմից լավագույնն էր ճանաչվել։ Կարեւորեց նշված ծրագրերի շարունակականության անհրաժեշտությունը։
Ա. Ալամը նշեց, որ Համաշխարհային բանկը շարունակելու է աջակցությունը Հայաստանի տնտեսական աճի խթանմանն ուղղված նախագծերին։ Նա նկատեց, որ Հայաստանում իրականացվող ծրագրերը դասվում են բարձր արդյունավետություն ունեցող ծրագրերի շարքին, եւ դրանց իրականացման հարցում բարձր գնահատեց ՀՀ կառավարության եւ ՀԲ տեղական թիմի ջանքերը։
   

                                                 Աղբյուրը` ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժին
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 12:36:33