Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Գորիսը` զբոսաշրջության զարգացման կենտրոն
11.06.2011
ՀՀ կառավարությունը որոշել է Գորիս քաղաքը հայտարարել զբոսաշրջային կենտրոն, հաստատել քաղաքի զարգացման ծրագրի հայեցակարգային նպատակները եւ գերակա խնդիրները։ Գորիսի զարգացման ծրագրի հայեցակարգային նպատակներն են` մինչեւ 2016 թվականը քաղաքը դարձնել միջազգային չափանիշներին համապատասխանող, շուրջ տարին գործող զբոսաշրջության կենտրոն, ճանաչողական, կրթական նպատակներ եւ խնդիրներ առաջադրող մշակութային զբոսաշրջության կենտրոնների վերածել շրջակա գյուղերը` Տաթեւը, Խնձորեսկը, Հալիձորը, Քարահունջը, որտեղ ավելի լավ են պահպանվել Գորիսի շրջանին բնորոշ ավանդույթները, կենցաղը, բարբառը, խոհանոցը եւ այլն։ Գորիսի զարգացման ծրագրի գերակա խնդիրներ են հայտարարվել քաղաքի ենթակառուցվածքների ձեւավորումը եւ զարգացումը, ժայռափոր Գորիսի տարածքում տուրիստական հանգրվանի ստեղծումը, քաղաքի օդանավակայանի վերագործարկումը եւ այլն։
Կառավարության որոշմամբ ՀՀ նախնական մասնագիտական (արհեստագործական) եւ միջին մասնագիտական հինգ ուսումնական հաստատություններ միացման ձեւով վերակազմակերպվել են եւ միացվել այլ ՊՈԱԿ-ների։
Գործադիրը հաստատել է ՀՀ 2011թ. պետբյուջեով նախատեսված «Գրականության հրատարակում» ծրագրի հատկացումների բաշխումը` ըստ առանձին հրատարակությունների։Որոշման ընդունումը միտված է գրքի միջոցով հայ ժողովրդի մշակութային, գրական, թարգմանական եւ գիտական ժառանգությունը հանրահռչակելու, պահպանելու եւ տարածելու նպատակին։
Աղբյուրը` ՀՀ Կառավարության պաշտոնական կայք