Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ա. Գեւորգյանն այցելեց Սյունիքի մարզի Սիսիանի տարածաշրջան

29.06.2011

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր այցելեց Սյունիքի մարզի Սիսիանի տարածաշրջան, մարզպետ Սուրեն Խաչատրյանի ուղեկցությամբ տեղում ծանոթացավ կապիտալ շինարարության ծրագրերի ընթացքին։
Ա. Գեւորգյանն այցն սկսեց Անգեղակոթ համայնքից, որտեղ Հայաստանի սոցներդրումների հիմնադրամի միջոցներով վերակառուցվում է համայնքային կենտրոնը։ Զեկուցվեց, որ այն նախատեսվում է շահագործման հանձնել սեպտեմբերին։ Համայնքում պետբյուջեի միջոցներով ընթացքում է նաեւ դպրոցի հիմնանորոգումը, որն ավարտին կհասցվի տարեվերջին։ Անգեղակոթում փոխվարչապետն այցելեց նաեւ ձկնաբուծական տնտեսություն, ծանոթացավ գործունեությանը, արտադրության ծավալներին, զարգացման հնարավորություններին։
Սիսիանի քաղաքապետարանում Ա. Գեւորգյանը խորհրդակցություն անցկացրեց տարածաշրջանի համայնքների ղեկավարների մասնակցությամբ։
Փոխվարչապետին ներկայացվեցին մարզի առաջնահերթ խնդիրների լուծման ծրագրով իրականացվող աշխատանքները։ Մասնավորապես, տեղեկացվեց, որ ընթացքում են Սիսիանի ջրային հայելիների սանիտարական մաքրման եւ բարեկարգման աշխատանքները։ Ջրավազաններից մեկի մաքրումն արդեն ավարտվել է, մեկնարկել են երկրորդի աշխատանքները։ Այս նպատակի համար ծրագրով հատկացվել է 55 մլն դրամ։
Զեկուցվեց, որ Սիսիանի ներհամայնքային ճանապարհների վերանորոգումը եւս ընթացքում է, որի համար ծրագրով նախատեսվել է 70 մլն դրամ։ Փոխվարչապետը հորդորեց մարզպետին ուշադրության կենտրոնում պահել ծրագրի ընթացքը, հետեւել աշխատանքների որակին եւ ժամանակացույցի պահպանմանը։
Խորհրդակցությանը քննարկվեցին ընթացիկ մի շարք այլ հարցեր։ Անդրադարձ եղավ նաեւ տարածաշրջանի համայնքներում սեփական եկամուտների հավաքագրման ընթացքին։ Ա. Գեւորգյանը հորդորեց մշտական աշխատանքներ իրականացնել ցուցանիշների ապահովման ուղղությամբ։ Այս համատեքստում համայնքների ղեկավարների կողմից բարձրացվեց հողի հարկի եւ գույքահարկի պարտքերի դատական կարգով գանձման ընթացակարգերի պարզեցման խնդիրը, ինչը, ըստ նրանց, կբարձրացնի հարկահավաքման արդյունավետությունը։
Քննարկվեցին հանրապետական ճանապարհի` Սիսիան- Տոլորս-Դաստակերտ հատվածի ընթացիկ սպասարկումը ժամանակին իրականացնելու, ինչպես նաեւ Բռնակոթ համայնքնի ոռոգման խնդիրը Համաշխարհային բանկի ծրագրերում ընդգրկելու հնարավորությունները։
Ա. Գեւորգյանը Սիսիանում եղավ նաեւ պետբյուջեի միջոցներով վերակառուցվող ավագ դպրոցում, տեղում ծանոթացավ աշխատանքներին։ Զեկուցվեց, որ վերակառուցման աշխատանքներն ավարտին կհասցվեն մինչեւ տարեվերջ։
 

                                                   Աղբյուրը՝ ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժին
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-26 17:27:01