Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Փոխվարչապետն այցելեց Սյունիքի մարզ

15.07.2011

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր այցելեց Սյունիքի մարզ, որտեղ շահագործման հանձնվեցին "Հազարամյակի մարտահրավեր հիմնադրամ-Հայաստան" ծրագրի կողմից վերականգնված Ախլաթյանի, Գորիսի երրորդ կարգի ջրանցքները," Որոտան-2" պոմպակայանը։ Ա.Գեւորգյանին ուղեկցում էին Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը, ՀՄԿ հայաստանյան գրասենյակի տնօրեն Ալեքս Ռասինը, "ՀՄՀ-Հայաստան" ՊՈԱԿ-ի գլխավոր գործադիր տնօրեն Արա Հովսեփյանը։
ՀՄՀ-Հայաստան ծրագրի Ոռոգման ենթակառուցվածքների վերականգնման բաղադրիչով Սյունիքի մարզում կատարվել է 2 մլն 700 հազար դոլարի աշխատանք, որի արդյունքում ակնկալվում է` կբարելավվի ոռոգման ջրի մատակարարումը, կավելանան ոռոգելի հողատարածքները։
Փոխվարչապետը տեղում ծանոթացավ Ախլաթյանի եւ Գորիսի վերականգնված ոռոգման ցանցին, որոնց վերակառուցման համար ներդրվել է համապատասխանաբար 30 եւ 120 մլն դրամ։ Երկու ջրանցքները միասին ոռոգում են 160 հա հողատարածք։ Ա.Գեւորգյանին զեկուցվեց, որ աշխատանքներն ավարտված են նաեւ Կապանի երրորդ կարգի ջրանցքում։
Ա.Գեւորգյանը այցելեց նաեւ Խնձորեսկ համայնքի հարեւանությամբ գտնվող վերակառուցված եւ վերազինված "Որոտան-2" պոմպակայան, որը ոռոգման ջուր կմատակարարի մարզի Քարաշեն, Խնածախ, Խնձորեսկ, Ն.Խնձորեսկ, Տեղ համայնքների 5 797 շահառուների։ Պոմպակայանի վերականգնման աշխատանքների ընդհանուր արժեքն է 2 մլն 228 հազար դոլար։ Փոխվարչապետը ծանոթացավ կատարված աշխատանքների ծավալին եւ որակին, կարեւորեց այս ենթակառույցների շահագործման ժամանակ ի հայտ եկող խնդիրների դեպքում "ՀՄՀ-Հայաստան" ՊՈԱԿ-ի եւ դրանք շահագործող ընկերությունների համագործակցությունը եւ հորդորեց ՊՈԱԿ-ին անհրաժեշտության դեպքում արագ արձագանքել ու աջակցել։
Ա.Գեւորգյանը ծանոթացավ նաեւ Խնձորեսկի մշակույթի տան վերակառուցման շինարարական աշխատանքների ընթացքին, որն իրականացվում է Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի միջոցներով։ Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 99 մլն դրամ, այն շահագործման կհանձնվի նախատեսված ժամկետում`հոկտեմբերին։
Այնուհետեւ փոխվարչապետն այցելեց Տեղ գյուղ, ծանոթացավ գյուղի նոր դպրոցի կառուցման համար ընտրված տարածքին։ Համայնքի նախկին դպրոցը, վթարայնության պատճառով այլեւս շահագործման ենթակա չէ։ Նոր դպրոցի կառուցման նպատակով ՀՀ կառավարությունը կհատկացնի շուրջ 360 մլն դրամ։ Նախատեսվում է, որ նոր դպրոցը շահագործման կհանձնվի մինչեւ 2012 թ. նոր ուսումնական տարվա սկիզբը։
Փոխվարչապետը մարզպետի հետ քննարկեց առաջիկա ուսումնական տարում դպրոցի աշակերտների ուսումնական գործընթացի կազմակերպման հարցը։ Մարզպետարանի առաջարկությամբ Տեղ համայնքի թիվ 1 դպրոցի 257 աշակերտների զգալի մասի ուսուցումը նախատեսվում է կազմակերպել հարեւան Արավուս համայնքի վերակառուցված դպրոցում, որտեղ առկա են բոլոր անհրաժեշտ պայմաններն ուսման համար, իսկ տարրական դասարանների ուսուցումը կկազմակերպվի Տեղ համայնքի մանկապարտեզի շենքում։
Սյունիքի մարզպետի հետ քննարկվեցին մարզի ընթացիկ խնդիրներին` ոռոգմանը, համայնքային բյուջեների կատարողականին, գյուղատնտեսական աշխատանքներին վերաբերող հարցեր։ Ա. Գեւորգյանին զեկուցվեց նաեւ մարզում առաջնահերթ խնդիրների լուծման ծրագրով իրականացվող աշխատանքների ընթացքի մասին։ Փոխվարչապետը կարեւորեց աշխատանքների որակյալ եւ նախատեսված ժամկետներում իրականացումը։ Անդրադարձ կատարվեց առաջնահերթ լուծում պահանջող խնդիրների իրականացման 2-րդ ծրագրում միջոցառումների ընտրության եւ ընդգրկման հարցերին։
 

                                                   Աղբյուրը՝ ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժին
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-26 17:27:01