Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Անբարենպաստ եղանակից վնասվել են հացահատիկի ցանքատարածությունները
06.09.2011
Սյունիքում օգոստոսի կեսից սկսված անբարենպաստ եղանակի պատճառով ժամանակին չի իրականացվել մոտ 700 հա հացահատիկի բերքահավաք` հիմնականում Սիսիանի և Գորիսի տարածաշրջանների բարձրադիր գոտիների համայնքներում: Արդյունքում, գերխոնավության հետևանքով հասկի մեջ ցորենի հատիկը ծլել է, և ստացված բերքը կարող է օգտագործվել միայն որպես անասնակեր:
Տուժել են նաև Կապանի տարածաշրջանի Դավիթ Բեկ գյուղի ցանքատարածությունները: Սյունիքի մարզպետի կողմից ստեղծված հանձնաժողովը եղել է տուժած համայնքներում, տեղում ծանոթացել իրավիճակին: Մասնագետների հավաստմամբ ստեղծված պայմաններում բերքի կորուստը կազմել է 20-30 տոկոս, բերքի ցածր որակի պատճառով 1 կգ արժեքը մոտ 20 դրամով կլինի պակաս: Ըստ մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Սամվել Թանգյանի` մարզում ֆերմերային տնտեսություններին ժամանակին չի հաջողվել հնձել կառավարության կողմից տրամադրված էլիտար սերմացուով կատարված մոտ 30հա ցանքատարածություն, որի պատճառով գյուղացին կանգնել է պայմանագրային պարտավորությունները ժամանակին չկատարելու փաստի առջև:
Ժամանակին և որակով աշնանացան իրականացնելու համար մարզպետարանի միջնորդությամբ տուժած համայնքները կստանան նախատեսվածից ավել սերմացու: