Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Վարչապետ Տիգրան Սարգսյանը եռօրյա այցով գտնվում է Սյունիքի մարզում

09.09.2011

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ժամանել է Սյունիքի մարզ: Վարչապետին ուղեկցում են կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանը, Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը և ՀՀԿ խորհրդի և գործադիր մարմնի անդամներ:
Կառավարության ղեկավարը նախ եղել է Սիսիանի տարածաշրջանի Սառնակունք համայնքի գյուղատնտեսական և անասնաբուժական ապասարկման կենտրոնում: Այն հիմնել է «Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն» (CARD) հիմնադրամը՝ ԱՄՆ-ի գյուղդեպարտամենտի՝ Սյունիքի մարզում իրականացրած «Կենդանիների Առուղջություն» ծրագրի շրջանակում: Վարչապետը ծանոթացել է կենտրոնի գործունեության ծրագրերին, հետաքրքրվել, թե ինչպիսի ծառայություններ է այն առաջարկելու գյուղացիներին:
Այս տարվա հոկտեմբերից իր գործունեությունն իրականցնող կենտրոնը կառաջարկի անասնաբուժական, կենդանիների արհեստական սերմնավորման, հիվանդությունների կանխարգելման և բուժման ծառայություններ, ինչպես նաև անասնաբուժական դեղորայք, սարքավորումներ և պարագաներ: Կենտրոնի նպատակն է նաև նպաստել տեղի ֆերմերների և գյուղատնտեսական ապրանքներ, դեղորայք և սարքավորումներ արտադրող աշխարհահռչակ ընկերությունների միջև համագործակցությանը։ Կենտրոնի թիրախային խմբերում ընդգրկված են Սիսիանի տարածաշրջանի գյուղերի անասնապահությամբ զբաղվող ֆերմերները, անասնաբույժները և անասնաբուժական դեղատները։
Այնուհետև վարչապետ, Հայաստանի Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի անդամ Տիգրան Սարգսյանը ժամանել է Կապան, որտեղ Գարեգին Նժդեհի հուշահամալիրի մոտ կուսակցական անդամատոմսեր է հանձնել ՀՀԿ-ն համալրած Երևանի պետական և Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանների 120 ուսանողների:
Վարչապետը, շնորհավորելով կուսակցությունը համալրած երիտասարդներին, նշել է. «Կարևոր է այն հանգամանքը, որ հենց այսօր դուք անդամագրվում եք Հայաստանի Հանրապետական կուսակցությանը, քանի որ հենց այսօր է կերտվում մեր երկրի ապագան, հենց այսօր է Հանրապետականը կրում պատասխանատվություն` լուծելու մեր երկրի առջև ծառացած սոցիալ-տնտեսական խնդիրները: Ես ձեր այս քաղաքական քայլը համարում եմ պատասխանատու. համոզված եմ, որ սա ձեր կողմից ճիշտ որոշում է, քանի որ մենք բոլորս համախմբվելով Հանրապետական կուսակցության շուրջ` ի զորու կլինենք հաղթահարել այն խնդիրները, որոնք այսօր առկա են մեր երկրում»,- ասել է Տիգրան Սարգսյանը:
Գործադիրի ղեկավարը հիշեցրել է, որ համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամը մեծ հարված է հասցրել նաև Հայաստանի տնտեսությանը, և կառավարության առջև ծառացել են նոր մարտահրավերներ: «Դրանց հաղթահարման կարևորագույն երաշխիքը մեր համախմբված աշխատանքն է»,- նշել է վարչապետը` ՀՀԿ-ն համալրած նոր անդամներին մաղթելով հաջողություններ:
Կառավարության ղեկավարը ծաղկեպսակ է դրել Գարեգին Նժդեհի հուշահամալիրին, որտեղ ամփոփված են Նժդեհի մասունքները: Այսօր երեկոյան Կապանի մարզադաշտում վարչապետը ներկա կգտնվի ՀՀԿ երիտասարդական կազմակերպության կազմակերպած համերգին:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 16:12:47