Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի շնորհավորական ուղերձը ՀՀ անկախության 20-րդ տարեդարձի առթիվ

21.09.2011

 

Սիրելի սյունեցիներ, սիրելի հայրենակիցներ.
Շնորհավորում եմ ձեզ մեր ամենապայծառ Ազգային տոնի` Հայաստանի Հանրապետության անկախության 20-րդ տարեդարձի կապակցությամբ։
Երկու տասնամյակ առաջ այս օրը նոր էջ բացեց մեր ժողովրդի պատմության մեջ, սկիզբ դնելով նոր` համամարդկային արժեհամակարգով առաջնորդվող Հայաստանի տարեգրությանը:
Հայ ժողովուրդը վերականգնեց սեփական ճակատագիրը տնօրինելու, ազատ, ինքնիշխան պետություն ունենալու և սեփական կամքով իր պատմությունը կերտելու իրավունքը:
Անկախությունը սկուտեղի վրա չմատուցվեց մեզ, այն պատմության հրամայականն էր, հայ ժողովրդի դարերով խտացված կամքի արտահայտությունը, որը ձեռք բերվեց մեր մաքառումների, մեր միասնական պայքարի շնորհիվ, իսկ այն հաստատելու և գալիք սերունդներին կտակելու համար բազում հայորդիներ իրենց կյանքը նվիրաբերեցին: Հավերժ փառք նրանց անմահ հիշատակին:
Համոզված եմ, սյունեցի և ոչ մի ընտանիք անմասն չի եղել այս նվիրական տոնի կերտման և սերունդներին ժառանգելու սրբազան գործում:
Անկախության տոնը յուրաքանչյուրիս համար առիթ է խորհելու մեր պետության անցած ուղու, հաջողությունների ու փորձությունների, մարտահրավերների հաղթահարման ու ձեռքբերումների մասին:
Այսօր Հայաստանը խոսում և համընթաց քայլում է աշխարհի հետ: Եվ առկա խնդիրների լուծման բանալին էլ մեր ձեռքերում է: Մեր սերնդին է վիճակված դարձնել Հայաստանն ազատ ու բարգավաճ, հարուստ ու զարգացած, այնպիսին, ինչպիսին երազել ենք դարեր շարունակ, ուր ամեն մարդ կզգա իրեն երջանիկ ու ապահով, կապրի ծաղկուն ներկայով ու ապագայի նկատմամբ աներեր հավատով:
Անկախ պետականության կերտման պատվարժան ճանապարհը մեր ժողովուրդը հաջողությամբ հաղթահարեց, և վստահ եմ, որ մեր հայրենիքը այսուհետ ևս կտոնի նոր հաղթանակներ, կիրականանան հայ ժողովրդի բոլոր նվիրական իղձերն ու երազանքները, իսկ դրա համար պետք է պայքարենք յուրաքանչյուրս միակամ:
Կրկին շնորհավորում եմ անկախության տարեդարձի առթիվ, մաղթում խաղաղություն և բարօրություն:

ՀՀ Սյունիքի մարզպետ Ս. Խաչատրյան

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 12:36:33