Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Հատուկ մրցանակ` Սյունիքի մարզպետարանին
29.10.2011
Հայաստանի ազգային կինոկենտրոնը հոկտեմբերի 28-ին մայրաքաղաքի “Մոսկվա” կինոթատրոնում ամփոփելով “Կինոաշուն-2011” ազգային կինոյի ամիս ծրագրի աշխատանքները, հատուկ մրցանակի է արժանացրել ՀՀ Սյունիքի մարզպետարանին` ի դեմս մարզպետ Սուրիկ Խաչատրյանի` ծրագրի մեկնարկը Գորիսում բարձր մակարդակով կազմակերպելու և մարզի մշակութային կյանքը զարգացնելու համար:
“Այսօր կարելի է արձանագրել, որ այս տարի ծրագիրը մեծ առաջընթաց է գրանցել: Այն շատ ավելի լավ է ընթացել, քան կարելի էր սպասել նախնական շրջանում: Ծրագրի նկատմամբ մեծ հետաքրքրություն էր նկատվում հիմնականում ՀՀ մարզերում ֆիլմերի ցուցադրությունների ժամանակ, նաև` ուսանողության և զինվորականների շրջաններում: Այստեղ ցուցադրությունների ընթացքում դահլիճները լեփ-լեցուն են եղել”- իր խոսքում նշել է Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Գևորգ Գևորգյանը:
Սեպտեմբերի 24-ին Գորիսի Վ.Վաղարշյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դահլիճում կազմակերպված “Կինոաշուն-2011”-ի բացումը ևս ընթացել է լեփ-լեցուն դահլիճում: Իսկ ծրագրի հիմնական նպատակը` կինոցանցերի վերականգնումը մարզերում, կարելի է մասամբ իրականացած համարել նաև Գորիսում, քանի որ միջոցառման բացման հանդիսությանը Սյունիքի մարզպետը խոստացել է հնարավորինս աջակցել Գորիսի նախկինում գործող երկու կինոդահլիճներից մեկի հիմնանորոգմանը: