Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Նոր լաբորատորիա` Վերիշեն համայնքի դպրոցում
07.11.2011
Գորիսի տարածաշրջանի Վերիշեն գյուղական համայնքի միջնակարգ դպրոցի սաները իրենց գիտելիքները կխորացնեն ժամանակակից չափանիշներին համապատասխան լաբորատորիայում:
Նոյեմբերի 5-ին դպրոցում հանդիսավորությամբ բացվեց ժամանակակից քիմիայի և կենսաբանության լաբորատորիա` Ամերիկյան Խաղաղության կորպուսի աջակցությամբ: Այդ նպատակով տրամադրված 10 հազար ԱՄՆ դոլարի մի մասը ներդրել է դպրոցը:
Բացման հանդիսությանը մասնակցում էին մարզպետարանի աշխատակազմի ստորաբաժանումների և համայնքի ղեկավարներ, դպրոցի տնօրեններ ու հյուրեր։
"Նախկին լաբորատորիայի սարքավորումներն ու նյութերն այլեւս պիտանի չէին օգտագործման համար: Իսկ առանց գործնական աշխատանքների' բնագիտական առարկաների' քիմայի և կենսաբանության ուսուցումն արդյունավետ լինել չի կարող: Նորաբաց լաբորատորիայի շնորհիվ առաջիկա 10 տարիներին մեր աշակերտները հնարավորություն կունենան դասերի ժամանակ ստացած տեսական գիտելիքները զուգորդել գործնական աշխատանքի հետ",- ասաց դպրոցի տնօրեն Մատվեյ Ղազարյանը, ով անցած տարի արժանացել է հանրապետության "Լավագույն տնօրեն" կոչման:
Ներդրված գումարով ամբողջովին հիմնանորոգվել է լաբորատորիայի տարածքը, ձեռք են բերվել համապատասխան կահույք, լաբորատոր սարքավորումներ ու նյութեր: Ի դեպ, դրանց մի մասը 3 տարի առաջ հատկացրել էր ՀՀ կրթության և գիտության նախարարությունը, որը, սակայն, չի օգտագործվել' պայմաններ չլինելու պատճառով:
Լաբորատորիայի հիմնման ծրագիրը Խաղաղության կորպուսին է ներկայացվել կազմակերպության կամավորի միջոցով, ով աշխատում է Վերիշենի դպրոցի աշակերտների հետ' բնապահպանական խնդիրների լուծման հարցերով: