Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Սյունիքի ականազերծված տարածքները հանձնեցին մարզային իշխանություններին

14.11.2011

Սյունիքի մարզում, նոյեմբերի 11-ին, Դավիթ-Բեկ բնակավայրի մոտ տեղի է ունեցել հայ սակրավորների կողմից ականազերծված տարածքների հանձնումը մարզային իշխանություններին, որն իրականացվել է «Հումանիտար ականազերծման եւ փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից:
Արարողությանը մասնակցում էին Հայաստանում Գերմանիայի Դաշնային հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Հանս Յոխեն Շմիթը, ԱՄՆ-ի ռազմական կցորդի տեղակալ Ջասթին Բադդը եւ այլ պաշտոնատար անձինք:
Ողջունելով հյուրերին` ՊՈԱԿ-ի տնօրեն Ռուբեն Առաքելյանը համառոտ ներկայացրել է ականազերծման կենտրոնի նպատակները, գործառույթներն ու ընթացիկ տարվա կատարված աշխատանքը:
Ռ.Առաքելյանը նշել է, որ գարնանը մեկնարկած աշխատանքների արդյունքում միջազգային չափորոշիչներին համապատասխան ականազերծվել է շուրջ 21 հեկտար հողատարածք. հայտնաբերվել և վնասազերծվել են բազմաթիվ նռնակներ, տարբեր տրամաչափի փամփուշտներ, հակատանկային և հակահետևակային ականներ:
Համապատասխան համակարգերի միջոցով մեկ անգամ ևս ճշգրտվել և ստուգազննվել է ականազերծված տարածքը, որից հետո ականազերծումը փաստող և տարածքի սահմանագոտին ճշգրտող հավաստագիրը հանձնվեց Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանին: Ողջունելով հյուրերին` Ս. Խաչատրյանը կարևորել է կենտրոնի կողմից տարվող աշխատանքը և հույս հայտնել, որ միջազգային դոնոր կազմակերպությունների լրացուցիչ ներդրումները կխթանեն ականազերծման գործընթացի ակտիվացումը:
Հրադադարի հաստատումից հետո դեռևս ականապատված են մնում ՀՀ շուրջ վաթսուն բնակավայրերի հարակից տարածքներ: Կասկածելի տարածքներն էլ 102-ն են, գրեթե 322 կիլոմետր քառակուսի մակերեսով: Այդ նույն տվյալների համաձայն` հրադադարի հաստատումից մինչ օրս ականներից և չվնասազերծված զինամթերքից Հայաստանում տուժել է ավելի քան 400 մարդ` 112-ը մահացու ելքով: Ամենամյա ականազերծման նմանօրինակ աշխատանքների արդյունքում գյուղատնտեսական կիրառման համար պիտանելի են դառնում նորանոր հողատարածքներ, իսկ ամենագլխավորը` նվազում է չվնասազերծված զինամթերքի պայթյունի հետևանքով հնարավոր դժբախտ պատահարների հավանականությունը:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 16:18:36