Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հանդիպում Սյունիքի մարզպետարանում

21.11.2011

Նոյեմբերի 21-ին ՀՀ Սյունիքի մարզպետարանում տեղի ունեցավ հանդիպում մարզային ենթակայության քաղաքային բժշկական կազմակերպությունների տնօրենների և զանգվածային լրատվամիջոցների մասնակցությամբ:
Հանդիպման նպատակն էր ԶԼՄ-ների միջոցով հանրությանը իրազեկել մարզում գործող բժշկական հաստատությունների կողմից իրականացվող ծառայություններին, ներկայացնել այն հնարավորություններն ու կարողությունները, որոնք ունեն առանձին բժշկական կենտրոններ, ինչպես նաև` ներկայացնել իրականացվող և առաջիկայում նախատեսված ծրագրերը:
Հանդիպումը խնդիր ուներ պատասխանել բնակչությանը հուզող առողջապահության ոլորտին առնչվող մի շարք հարցերի, մասնավորապես, բուժհաստատությունների կողմից պետպատվերի շրջանակներում մատուցվող ծառայությունների թափանցիկության, վերահսկելիության ապահովմանն առնչվող խնդիրներին, առանձին հիվանդությունների դեպքում մայրաքաղաքում բուժումը կազմակերպելու հետ կապված հարցերերին:
Հանդիպմանը մասնակցում էին Սյունիքի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Աշոտ Ծատրյանը, Կապանի, Գորիսի, Սիսիանի, Քաջարանի և Մեղրու բժշկական կենտրոնների տնօրենները, հանրապետական և տեղական լրատվամիջոցների ներկայացուցիչներ:
Ներկայացնելով մարզի առողջապահության համակարգը' մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Աշոտ Ծատրյանը նշեց, որ վերջին տարիներին այստեղ առաջընթաց է արձանագրվել: Առողջացման ֆինանսական ծրագրեր մշակելով, անհրաժեշտ հսկողություն սահմանելով' այսօր արդեն չունենք դեբիտորական պարտքեր, այսօր դրված չէ համակարգի պահպանման խնդիր, այլ դրված է համակարգի զարգացման, նորացման խնդիր», - ասաց Ծատրյանը: Այնուհետև նշեց, որ վերջին տարիներին նորոգվել է մարզային նյարդահոգեբուժական դիսպանսերը, որն այսօր հանրապետությունում իր հնարավորություններով եթե ոչ լավագույնը, ապա լավագույններից մեկն է: Մասնակի նորոգման աշխատանքներ են կատարվել Կապանի, Սիսիանի հիվանդանոցներում, ընթացքի մեջ է Քաջարանի առողջության կենտրոնի հիմնանորոգումը: Միաժամանակ դրանք համալրվել են ժամանակակից բուժսարքավորումներով: Հիմնանորոգվել են նաև մարզի գրեթե բոլոր գյուղական համայնքների բժշկական ամբուլատորիաները:
«Մենք մարզում ունենք այնպիսի առողջապահական համակարգ, որը բավարարում է մարզային մակարդակի բոլոր ծառայությունները որակյալ իրակացնելու համար», - ասաց նա: Հաշվի առնելով, որ մարզի տարածաշրջանների մի շարք բուժհատատություններում բացակայում են որոշ նեղ մասնագետներ, նախատեսվել է կազմակերպել ակցիա' ստեղծել բժշկական խումբ' բաղկացած մարզի լավագույն բժիշկներից և այցլություններ կազմակերպել մարզի քաղաքային և գյուղական համայնքների բուժհիմնարկներ և բնակչությանը տրամադրել անվճար բուժսպասարկում: Ակցիայի ընթացքում բնակիչները կհետազոտվեն, կստանան անհրաժեշտ խորհրդատվություն, անհրաժեշտության դեպքում հիվանդները կհոսպիտալացվեն: Կկատարվեն նաև անվճար վիրահատություններ: Եթե լինեն հիվանդներ, որոնց բուժումը անհրաժեշտ կլինի կազմակերպել մայրաքաղաքում, ապա կտրվեն ուղեգրեր, և նրանց բուժումը դարձյալ անվճար կկազմակերպվի մայրաքաղաքում: Ակցիայի հովանավորը, որը, ի դեպ, մարզում ունի իր նախադեպը, Հայաստանի Հանրապետական կուսակցությունն է: Ակցիայի շրջանակներում բժիշկների առաջին այցը նախատեսված է նոյեմբերի 24-ին: Այդ օրը կապանցի բժիշկները կայցելեն Սիսիանի բժշկական կենտրոն, որից հետո' Անգեղակոթի և Բռնակոթի ամբուլատորիաներ, իսկ Գորիսի բժիշկները կլինեն Գոռհայքի և Դարբասի ամբուլատորիաներում:
Ամփոփելով հանդիպումը ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը ներկաներին տեղեկացրեց, որ Սյունիքի մարզպետարանն ամենօրյա հետևողական աշխատանք է տանելու, որպեսզի մարզի առողջապահության համակարգում առկա բոլոր խնդիրները լուծվեն, և բուժսպասարկում ստանալու համար բնակիչները ստիպված չլինեն հասնելու մայրաքաղաք: «Այսօր Գորիսում ունենք եվրոպական չափանիշներին համապատասխանող հիվանդանոց: Եկող տարվանից նման հիվանդանոցներ կունենանք նաև Կապանում և Մեղրիում: Արդեն պատրաստ են Կապանի հիվանդանոցի հիմնանորոգման և Մեղրիում նոր հիվանդանոցի կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերը, որոնց շինաշխատանքները կսկսվեն 2012 թվականին»,- ասաց Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանն մարզպետարանում լրագրողների և մարզի բուժհաստատությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 16:18:36