Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Սյունիքի մարզի խորհուրդն ամփոփեց տարին

22.11.2011

Սյունիքի մարզի խորհրդի' ընթացիկ տարվա վերջին նիստը նոյեմբերի 22-ին ամփոփեց անցած 10 ամսվա կատարած աշխատանքները:
Նիստի օրակարգում ներառված հարցերը վերաբերում էին մարզի համայնքների սեփական եկամուտների հավաքագրմանը, քաղաքաշինական ծրագրերի իրականացման ընթացքին և դրանցում առկա խնդիրներին, եկող տարվա գյուղատնտեսական նախապատրաստական աշխատանքներին և այլն:
«Մարզի համայնքների կողմից հավաքագրվող սեփական եկամուտները 10 ամսվա համար նախատեսված է 868120.6 հազ. դրամ, որից հավաքագրվել է 750765.8 հազ. դրամ, կամ նախատեսվածի 86.5 տոկոսը: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճը կազմել է 11.5 տոկոս կամ 77531.6 հազ. դրամ: Որոշակի աճ է արձանագրվել համայնքների սեփականություն հանդիսացող հողերի վարձակալության վճարների հավաքման գծով' 41.2 տոկոսով, կամ 82596.2 հազ դրամով», - իր ելույթում նշեց մարզպետարանի աշխատակազմի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Ա. Մարդյանը: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են գույքահարկի և հողի վարձակալության դիմաց գանձվող մուտքերը:
Խոսելով մարզի քաղաքաշինության ոլորտի ծրագրերից' մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության պետ Ա. Ուստաբաշյանը նշեց, որ այս տարի մարզում հրատապ լուծում պահանջող խնդիրների լուծման նպատակով ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից մարզին տրամադրվել է 720 մլն դրամ, որով իրականացվել է 12 ծրագիր: Կառավարության որոշմամբ սեպտեմբերին մարզին հատկացվել է ևս 720 մլն դրամ, որով նախատեսված է իրականացնել 19 ծրագիր:
Մարզխորհրդի նիստում նշվեց, որ 2010-ի համեմատ այս տարի 2500 հա-ով ավել է կատարվելու աշնանացանը, որի աշխատանքները դեռևս ընթացքի մեջ են:
Մարզխորհրդի նիստի մասնակցիներին տրամադրվեց նաև տեղեկատվություն մարզի հանրակրթական դպրոցների տնօրենների ընտրության և ուսուցիչների թափուր տեղերի համար անցկացվող մրցույթների վերաբերյալ:
Նիստի աշխատանքների ավարտին ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը հեռուստատեսության միջազգային օրվա առթիվ շնորհակալագրեր հանձնեց մարզի 4 հեռուստատեսությունների տնօրեններին:
Տեղական ինքնակառավարման մարմինների ձևավորման 15-ամյակի կապակցությամբ մարզի մի շարք համայնքների ղեկավարներ և նրանց աշխատակազմերի աշխատակիցներ ևս արժանացան մարզպետի շնորհակալագրերի:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 12:36:33