Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այցելեց Մեղրիի տարածաշրջան

02.12.2011

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանն այսօր Վայոց ձորի մարզից մեկնեց Սյունիք` այցն սկսելով Մեղրիի տարածաշրջանից: Մարզպետ Սուրեն Խաչատրյանի ուղեկցությամբ փոխվարչապետը ծանոթացավ Կապան-Մեղրի այլընտրանքային ճանապարհի 86 կմ հատվածում կատարվող աշխատանքներին: Ճանապարհի անվտանգության ապահովման նպատակով այստեղ իրականացվում են Արաքսի ափապաշտպան կառույցների ամրացման աշխատանքներ, նախատեսվում է վերականգնել 400 մ հատված, որի համար պետբյուջեից հատկացվել է 98 մլն դրամ: Փոխվարչապետին զեկուցվեց, որ աշխատանքները ծրագրում են ավարտել մինչև մարտ:
Ա. Գևորգյանն այնուհետև ուղևորվեց Ագարակ համայնք, որտեղ այցելեց Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի միջոցներով հիմնանորոգված մշակույթի տուն: Կատարվել են 80,5 մլն դրամի աշխատանքներ, որից 10 տոկոսը ներդրել է համայնքը: Ներկայումս մշակույթի տունը գործում է, ունի հանդիսությունների դահլիճ, մարզասրահ, անհրաժեշտ այլ հնարավորություններ: Փոխվարչապետը ծանոթացավ կատարված աշխատանքներին և ստեղծված պայմաններին` ընդհանուր առմամբ դրական գնահատելով իրականացված աշխատանքները և կարևորելով համայնքի մասնակցությունը համայնքային նշանակության ծրագրերին:
Մեղրիի տարածաշրջանում աշխատանքներ են կատարվում նաև մարզի առաջնահերթ խնդիրների լուծման ծրագրով: Առաջին մասով հատկացված 39,5 մլն դրամով վերանորոգվել է Մեղրիի մշակույթի տան տանիքը, Ագարակի ներհամայնքային ճանապարհների նորոգման համար ծրագրի առաջին մասով հատկացվել էր 39,5, երկրորդ մասով` 40 մլն դրամ: Ծրագրի երկրորդ մասով արդեն ավարտվել է Մեղրիի թիվ 1 բնակելի թաղամասի փողոցի ասֆալտապատումը, նույն ծրագրով 49 մլն դրամ է հատկացվել միջպետական մայրուղու վրա գտնվող Մեղրիի կամրջի վերակառուցման և ընդլայնման համար:
Ագարակում Ա. Գևորգյանն այցելեց նաև Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ, ծանոթացավ արտադրական գործունեությանը, ներդրումային ծրագրերին: Նշենք, որ ՀՀ կառավարությունը 2009թ. հակաճգնաժամային միջոցառումների շրջանակում "Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ" ՓԲ ընկերությանը տրամադրել էր 14 մլն դոլարի կայունացման վարկ:
Ձեռնարկության ղեկավարությունը փոխվարչապետին տեղեկացրեց, որ ներդրումային ծրագրերը ներառում են արտադրության արդիականացում, աշխատակիցների որակավորման բարձրացում, ձեռնարկության կազմակերպական կառուցվածքի փոփոխում, ինչպես նաև հանքավայրի տեխնիկական վերազինում: Կոմբինատի արդիականացման համար, որը նախատեսվում է ավարտել 2012թ. առաջին եռամսյակում, ընդհանուր առմամբ ներդրվել է շուրջ 20 մլն դոլար: Նշվեց, որ նախատեսվում է նաև նոր` մոտ 40 աշխատատեղերի ստեղծում:
Փոխվարչապետին տեղեկացվեց, որ ընթացքում է հարստացուցիչ ֆաբրիկայի` նորագույն ֆլոտացիոն մեքենաներով հագեցված նոր մասնաշենքի կառուցումը, որի աշխատանքները կավարտվեն տարեվերջին: Նոր տեխնոլոգիաների շնորհիվ արտադրության ծավալները ներկայիս 3 մլն տոննայից 2012թ-ին կհասցվեն մինչև 3,5 մլն տոննայի: Ա. Գևորգյանը շրջայց կատարեց նաև նոր մասնաշենքում, ծանոթացավ կատարված աշխատանքներին:
Դեկտեմբերի 3-ին մարզի ընթացիկ խնդիրների քննարկման նպատակով փոխվարչապետը խորհրդակցություն կանցկացնի Սյունիքի մարզպետարանում:

ՏԿՆ հասարականության հետ կապերի բաժին

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 16:18:36