Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Փոխվարչապետը գոհ է Սյունիքի մարզում կատարված աշխատանքներից

03.12.2011

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի' Սյունիք կատարած 2-օրյա աշխատանքային այցի նպատակը Կառավարության կողմից մարզերում իրականացվող հրատապ խնդիրների լուծմանն ուղղված ծրագրերի կատարմանը տեղում ծանոթանալն էր, նաեւ նախանշումը այն ուղղությունների, որոնցով անհրաժեշտության դեպքում առաջիկայում կիրականացվեն նման ծրագրեր եւս: Այցը նպատակ ուներ նաեւ ամփոփելու մարզում այս տարվա կատարած աշխատանքները:
«Կարելի է ասել' այցի նպատակը տարին ամփոփելը եւ մինչեւ տարեվերջ մնացած ժամանակահատվածը էլ ավելի արդյունավետ օգտագործելն է' առկա խնդիրների լուծման համար», - ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի' Սյունիքի թղթակիցը, լրագրողների հետ հանդիպմանն ասաց փոխվարչապետը:
Անդրադառնալով Սյունիքի մարզպետի եւ մարզում տարվա ընթացքում կատարված աշխատանքներին, փոխվարչապետն ասաց. «Կարող եմ արձանագրել, որ էական որեւէ խնդիրներ մարզում չեմ տեսել, բոլոր պետական եւ տեղական կառույցներն աշխատում են, իրենց տեղում են, ընդհանուր առմամբ բավարար եմ գնահատում կատարված աշխատանքը, գոհ եմ արձանագրված արդյունքներից: Կան որոշակի խնդիրներ, որոնք առկա են բոլոր տեղերում եւ դրանք հիմնականում կապված չեն տարածքային կամ տեղական իշխանություններից, այլ կապված են մեր ընդհանուր հնարավորություններից, առաջին հերթին' ֆինանսներից»: Ճեպազրույցի ընթացքում փոխվարչապետը լրագրողների խնդրանքով անդրադարձավ նաեւ Կապանի թիվ 2 ավագ դպրոցի շինարարության ընթացքին: Նա նշեց, որ այս տարվա հուլիսին փլված դպրոցից քիչ հեռու' սպորտ հրապարակում կառուցվող նոր տիպային դպրոցի կառուցման համար, ըստ նախագծանախահաշվային փաստաթղթերի, անհրաժեշտ կլինի 700 մլն դրամից մի փոքր ավելի գումար: «Կարծում եմ, որ աշխատանքների նորմալ ընթացքի դեպքում, մյուս տարվա կեսին, ռեսուրսների առկայության պարագայում հնարավոր կլինի մտածել գումարների ավելացման մասին, որպեսզի հնարավորինս սեղմ ժամկետում ավարտին հասցվի դպրոցի շինարարությունը, որպեսզի երեխաները ստիպված չլինեն ուսանել այլ դպրոցներում եւ անհարմարություններ չլինեն», - ասաց Գեւորգյանը: Նրա խոսքով' քննարկվել է նաեւ տարածքի բարեկարգման հարցը, քանի որ կառուցվող դպրոցը գտնվում է քաղաքի կենտրոնում' Սբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցու եւ նոր կառուցվող դատարանի շենքի հարեւանությամբ, որոնց հետ էլ այն կարող է դառնալ գեղեցիկ ճարտարապետական համալիր:

Աղբյուրը` "Արմենպրես"

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 17:08:53