Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Փոխվարչապետը խորհրդակցություն անցկացրեց Սյունիքի մարզպետարանում

03.12.2011

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանն այսօր Սյունիքի մարզպետարանում Տարածքային կառավարման նախարարության և մարզպետարանի պատասխանատուների մասնակցությամբ խորհրդակցություն անցկացրեց`մարզի ընթացիկ խնդիրների քննարկման նպատակով:
Փոխվարչապետին նախ զեկուցվեց մարզի առաջնահերթ խնդիրների լուծման ծրագրի առաջին մասի ավարտի և երկրորդ մասի ընթացքի մասին: Նշվեց, որ ծրագրի առաջին մասով հատկացված 720 մլն դրամի շրջանակում իրականացվել է 13 ծրագիր, որոնք արդեն ողջ ծավալով ավարտվել են, տնտեսվել է 22,2 մլն դրամ: Հիմնականում վերանորոգվել են միջհամայնքային ճանապարհներ, բազմաբնակարան շենքերի տանիքներ, մաքրվել և բարեկարգվել են Սիսիանի ջրային հայելիները:
Տեղեկացվեց, որ ընթացքում է երկրորդ ծրագիրը: Արդեն ավարտվել է Մեղրի քաղաքի թիվ 1 բնակելի թաղամասի փողոցի նորոգումը, ընթացքի մեջ են Մեղրիի կամրջի վերակառուցման և ընդլայնման աշխատանքները: Ծրագրի երկրորդ մասով ևս հիմնականում կվերականգնվեն ճանապարհներ, կնորոգվեն կրթական և մշակութային հաստատություններ: Որպես համաներդրում` 65 մլն դրամ կհատկացվի Գորիսում սոցիալական տան կառուցման համար, որի աշխատանքներն իրականացվում են Շվեյցարական զարգացման և համագործակցության գործակալության "Սոցիալական տուն` աջակից պայմաններով" ծրագրի շրջանակում:
Փոխվարչապետի հանձնարարականով` մարզի առաջնահերթ խնդիրների լուծման ծրագրի ընթացքը կգտնվի մարզպետի ուշադրության կենտրոնում:
Խորհրդակցությանը ներկայացվեցին նաև մարզի համայնքային բյուջեների 2011թ. տասնմեկ ամիսների կատարողականի ցուցանիշները: Դեկտեմբերի 1-ի դրությամբ Սյունիքի մարզի համայնքների բյուջեների փաստացի մուտքերը նախատեսված 2,7 մլրդ դրամի դիմաց կազմել են 2,6 մլրդ դրամ (կատարողականը` 95,5 %): Սեփական եկամուտների կատարողականը կազմել է 87,7 %, հավաքագրման մակարդակը 2010թ. նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 9,9 %-ով: Հողի հարկի կատարողականը կազմել է 99,6 %, ինչը 2010թ. նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 8 տոկոսով: Գույքահարկի կատարողականը 82, 3 տոկոս է, նախորդ տարվա համեմատ արձանագրվել է 7,2 տոկոսի աճ: Նշվեց, որ չնայած կատարողականին, նախորդ տարվա համեմատ հողի հարկի հավաքագրման ցուցանիշը նվազել է հիմնականում Սիսիան, Արավուս, Խնձորեսկ, Կոռնիձոր, Տեղ, Հացավան, Ույծ, համայնքներում:
Փոխվարչապետը ընդհանուր առմամբ դրական գնահատելով հավաքագրման դինամիկան` միաժամանակ մարզպետին հանձնարարեց մինչև տարեվերջ աշխատանքներ իրականացնել հատկապես հողի հարկի ցուցանիշների բարելավման ուղղությամբ: Ա. Գևորգյանը մարզպետարանի աշխատակազմին հորդորեց նաև մեթոդական և խորհրդատվական օգնություն ցուցաբերել համայնքներին` 2012թ. համայնքների բյուջեների կազմման գործընթացում:
Տեղեկություններ ներկայացվեց նաև համայնքների գլխավոր հատակագծերի կազմման ընթացքի մասին: Նշվեց, որ պատրաստ են 5 քաղաքային (Կապան, Գորիս, Սիսիան, Մեղրի և Ագարակ) և 2 գյուղական համայնքների գլխավոր հատակագծերը: Ընթացքի մեջ են Քաջարան քաղաքի գլխավոր հատակագծի կազմման աշխատանքները: Ա. Գևորգյանը մարզպետին հանձնարարեց համայնքի ղեկավարներին հորդորել աշխատանքները կազմակերպել համաձայն ՀՀ քաղաքաշինության նախարարության հետ ձեռք բերված պայմանավորվածությունների:
Փոխվարչապետին զեկուցվեց նաև մարզում գյուղատնտեսական իրավիճակի մասին: Տեղեկացվեց, որ մարզում արդեն կատարվել է 11 700 հա աշնանացան` նախորդ տարվա 10288 հեկտարի դիմաց: 2011թ-ին մարզում արտադրվել է 4 հազ. տոննա հացահատիկ` նախորդ տարվա 1,4 հազ. տոննայի դիմաց, 2,2 հազ. տոննա կարտոֆիլ` 2,3 հազ. տոննայի դիմաց: Նշվեց, որ 2011թ. ընթացքում մարզում գյուղատնտեսությամբ զբաղվել են 18026 գյուղացիական և ֆերմերային տնտեսություններ, գյուղատնտեսական մթերքների վերամշակմամբ և արտադրությամբ` 58 գյուղատնտեսական և վերամշակող կազմակերպություններ:
Տեղեկություններ ներկայացվեցին մարզում ինտեգրված սոցիալական ծառայությունների ներդրման և միասնական ընդունարանների տեղակայման համար անհրաժեշտ շենքային պայմանների հատկացման, անապահովության գնահատման համակարգում ընդգրկվելու նպատակով ընտանիքների փաստագրման գործընթացների մասին: Անդրադարձ եղավ նաև մարզի համայնքներում զորակոչիկների հաշվառման ընդհանուր իրավիճակին, զորահավաքային նախապատրաստության հետ կապված հարցերին:
Խորհրդակցությունից հետո փոխվարչապետն այցելեց շինհրապարակներ: Ա. Գևորգյանը եղավ Կապանի թիվ 2 ավագ դպրոցի տարածքում, ծանոթացավ կատարվող աշխատանքներին: 1960-ական թվականներին կառուցված դպրոցի շենքի մի մասի փլուզման պատճառով ներկայումս կառուցվում է նոր դպրոց: Այդ նպատակով պետբյուջեից հատկացվել է 725 մլն դրամ: Փոխվարչապետին զեկուցվեց, որ շինարարական աշխատանքները մեկնարկել են սեպտեմբերից:
Կապանում Ա. Գևորգյանը ծանոթացավ նաև քաղաքի երկրագիտական թանգարանի վերանորոգման ընթացքին: Թանգարանի նորգման համար մարզի առաջնահերթ խնդիրների լուծման ծրագրի առաջին մասով հատկացվել է 79,5 մլն դրամ, երկրորդ մասով` 20 մլն դրամ: Թանգարանն ամբողջությամբ պատրաստ կլինի մինչև տարեվերջ:
Փոխվարչապետին ներկայացվեցին նաև Գորիսում առաջնահերթ խնդիրների լուծման ծրագրով իրականացվող աշխատանքները: Գորիսի քաղաքապետը տեղեկացրեց, որ քաղաքում ծրագրի առաջին մասով կատարվել է ներհամայնքային ճանապարհների նորոգում, քաղաքի երաժշտական դպրոցի վերանորոգում, վերջինիս համար միջոցներ են հատկացվել նաև ծրագրի երկրորդ մասով: Ծրագրի երկրորդ մասով 48,5-ական մլն դրամ է հատկացվել նաև քաղաքի թիվ 2 և թիվ 5 դպրոցների վերանորոգման համար: Քաղաքապետը փոխվարչապետին տեղեկություններ ներկայացրեց նաև սեփական եկամուտների հավաքագրման ընթացքի վերաբերյալ:

ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժին

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 14:59:02