Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ամանորյա տոնական միջոցառումները Սյունիքում

13.01.2012

"Սյունիքյան Ամանոր" մարզային տոնակատարությունը, որը մեկնարկել է դեկտեմբերի 25-ից և ընդգրկել է մարզի բոլոր 4 տարածաշրջաններն ու ԼՂՀ Քաշաթաղի շրջանը, դեռ շարունակվում է: Այդ նպատակով Սյունիքի մարզպետարանը մոտ 5 մլն դրամ է տրամադրել Կապանի մշակույթի կենտրոնին: Տոնական միջոցառումները մարզում պատշաճ մակարդակով անցկացնելու համար ավելի քան 7 մլն դրամ էլ մարզին հատկացրել է կառավարությունը: Այդ գումարը բաշխվել է մարզի քաղաքային համայնքների, նաև Կապանի ու Գորիսի դրամատիկական թատրոնների միջև` երեխաների համար նախատեսված ամանորյա միջոցառումներն անվճար անցկացնելու նպատակով: Ամփոփելով մինչ այժմ տոնակատարության շրջանակներում կատարված աշխատանքը, մարզպետարանի աշխատակազմի մշակույթի և սպորտի բաժնի պետ Սարգիս Դավթյանը տեղեկացրեց, որ միջոցառումների մեկնարկը տրվել է Քաշաթաղից, որի երկու քաղաքներում` Կովսականում և Միջնավանում Կապանի թատրոնը ներկայացրել է Ռիչարդսոնի "Մեծ անտառի զավակները" ամանորյա ներկայացումը, մարզի ստեղծագործական խմբերը հանդես են եկել համերգային ծրագրերով, երեխաների համար ելույթ է ունեցել Կապանի մշակույթի կենտրոնի տիկնիկային թատրոնը: Նմանատիպ ծրագրով միջոցառումներ անցկացվել են նաև մարզի գյուղական համայնքներում: Դեկտեմբերի 31-ից սկսած Ձմեռ պապն ու Ձյունանուշը նվերներով այցելել են Կապանում, Գորիսում և Սիսիանում բնակվող 6 և ավելի անչափահաս երեխաներ ունեցող 8 ընտանիք, նաև նոր տարվա առաջին օրը Գորիսում ու Սիսիանում ծնված 6 տղա նորածիններին ու նրանց մայրիկներին: Ձմեռ պապն ու Ձյունանուշը Գորիսում և Սիսիանում հյուր են եղել նաեւ 100 և ավելի տարիք ունեցող 5 բնակիչների ընտանիքներում: Միջոցառում է կազմակերպվել նաև Կապանի թիվ 3 հատուկ կրթահամալիրի երեխաների համար: Տոնական միջոցառումները շարունակվեցին մարզի տարածքում տեղակայված զորմասերում:
"Մարզային տոնակատարությանը մասնակցում են մարզի բոլոր 4 տարածաշրջաններից հրավիրված երաժշտական և պարային խմբեր, անհատ կատարողներ, երաժիշտներ, դերասաններ, նկարիչներ, մշակութային այլ գործիչներ: Հասարակությանը ներկայացվում են մարզի մշակութային գործիչները, տարվա ընթացքում ի հայտ եկած լավագույն երաժշտական խմբերը, անհատ կատարողները, ստեղծագործողները: Այս միջոցառման շրջանակներում ընդլայնվեցին և ամրապնդվեցին բարեկամական կապերը հարևան ԼՂՀ Քաշաթաղի շրջանի հետ", - ասաց Ս. Դավթյանը:
Մինչ տոնական ամանորյա միջոցառումները Սյունիքում կհատեն եզրագիծը, լավագույն ակտիվ մասնակիցներն արդեն պարգևատրվել են պատվոգրերով ու հուշանվերներով:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-29 16:52:10