Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Սյունիքը նշեց հայոց բանակի կազմավորման 20 ամյակը
30.01.2012
Հայոց բանակի կազմավորման 20 ամյակի գլխավոր տոնական միջոցառումները Կապանում, Մեղրիում, Գորիսում ու Սիսիանում մեկնարկեցին հունվարի 28-ի առավոտյան` տարածաշրջաններում տեղակայված զորմասերից, որտեղ անցկացվեցին տոնական միտինգներ: Կապանի զորամասում միջոցառմանը մասնակցում էին մարզպետարանի, քաղաքապետարանի, զինկոմիսարիատի պատասխանատուներ, նախկին զինծառայողներ, վետերաններ, դպրոցականներ:
«Հայոց բանակը ստեղծվեց արտաքին մարտահարվերների արդյունքում: Այն կայացավ, բարձր պահեց իր ժողովրդի պատիվը: Բանակի շնորհիվ է, որ այսօր հայ ժողովուրդը լծված է խաղաղ աշխատանքի: Վստահ ենք, որ դուք միշտ ամուր կպաշտպանեք մեր հայրենիքի սահմանները: Փառք մեր բանակին, հավերժ փառք այն քաջ հայորդիներին, որոնց արյան գնով ձեռք բերվեցին հաղթանակները և այսօր տոնում ենք բանակի 20-ամյակը», - իր խոսքում ասաց Սյունիքի փոխմարզպետ Վաչե Գրիգորյանը և օրվա առիթով ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի շնորհավորանքները փոխանցեց զինծառայողներին:
Զինվորական միտինգի ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով զորամասի մի խումբ սպաներ, ենթասպաներ և պայմանագրային զինծառայողները պարգևատրվեցին «ՀՀ ԶՈՒ 20 տարի» հոբելյանական մեդալներով, շնորհակալագրերով, թանկարժեք նվերներով: Իսկ մի խումբ ժամկետային զինծառայողներ պարգևատրվեցին կարճաժամկետ արձակուրդով:
Միտինգն ավարտվեց ցուցադրական զինվարժություններով և զինվորական քայլերթով: Օրվա առիթով Կապանում անցկացվող միջոցառումները շարունակվեցին Բաղաբուրջի հուշահամալիրում, որտեղ մերօրյա պատերազմում զոհված ազատամարտիկների շիրիմներին ու Հայրենական պատերազմի զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիրին դրվեցին ծաղկեպսակներ ու ծաղիկներ:
Այնուհետև Կապանի Գ.Նժդեհի անվան հրապարակում բացօթյա համերգով հանդես եկավ փողային նվագախումբը, որից հետո երեկոյան քաղաքի մշակույթի կենտրոնի մեծ դահլիճում անցկացվեց հանդիսավոր նիստ: Դրան հաջորդեց տոնական մեծ համերգը: