Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Մարզպետարանի կառուցվածքային ստորաբաժանումները մարզպետ Ս. Խաչատրյանին ներկայացան տարեկան հաշվետվություններով
31.01.2012
Հունվարի 31-ին Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների ղեկավարները մարզպետ Սուրիկ Խաչատրյանին ներկայացրեցին 2011թ. կատարած աշխատանքների հաշվետվությունները:
Բոլոր ստորաբաժանումների մեկ տարվա աշխատանքները մարզպետի կողմից գնահատվեցին դրական: Մարզպետը հատկապես բարձր գնահատականի արժանացրեց ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման, քաղաքաշինության, տեղական ինքնակառավարման և հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչությունների, հողաշինության և հողօգտագործման, զարգացման ծրագրերի և վերլուծության, իրավաբանական, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինների կատարած աշխատանքը: Մարզպետարանի աշխատակազմի մյուս վարչությունների, ինչպես նաև բաժինների ու սոցիալական ծառայության տարածքային գործակալությունների աշխատանքը մարզպետի կողմից նույնպես արժանացան դրական գնահատականի:
Չնայած Սյունիքում մանկան մահացածության ցուցանիշը նվազագույններից է հանրապետությունում` մարզպետը հանձնարարեց առողջապահության վարչությանը, որպեսզի այդ ցուցանիշը մարզում հասցվի զրոյի: Մարզպետը իր գոհունակությունը հայտնեց մարզի առաջատար բժիշկ մասնագետների կողմից կազմակերպվող «Բաց դռների օրեր» ակցիայից, որի շնորհիվ մարզի սոցիալապես անապահով հազարավոր քաղաքացիներ կարողացան ստանալ անվճար բուժօգնություն: Մարզպետը զարգացման ծրագրերի և վերլուծության բաժնին հանձնարարեց արագացնել բիզնես ծրագրերի մշակումը` մասնավորապես առաջիկայում Կապանում պահածոների գործարան հիմնելու ծրագրի մշակումը, որով հարյուրավոր կանանց համար կստեղծվի աշխատատեղ: Մարզպետը մշակույթի և սպորտի բաժնի պատասխանատուներին հանձնարարեց տարվա ընթացքում պարբերաբար կազմակերպել այցելություններ դեպի մարզի պատմամշակության հուշարձաններ և իրականացնել դրանց մաքրման աշխատանքներ:
Խորհրդակցության ավարտից հետո մարզպետը պատասխանեց մարզային և հանրապետական լրատվամիջոցների թղթակիցների հարցերին, մասնավորապես նշեց, որ ընդհանուր առմամբ ինքը գոհ է մարզպետարանի աշխատակազմի աշխատանքից, որ իր ղեկավարած մարզում առկա խնդիրների հիմնական պատճառը կարելի է միայն համարել ֆինանսական միջոցների սղությունը: Միաժամանակ հավաստիացրեց, որ ներդրումային ծրագրերը մարզում շարունակվելու են և առաջիկայում մարզում լուծում են ստանալու բազմաթիվ հարցեր: