Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տեղի ունեցավ Սյունիքի մարզխորհրդի այս տարվա առաջին նիստը

01.03.2012

Այսօր Կապանի Ալ. Շիրվանզադեի անվան պետական դրամատիկական թատրոնի դահլիճում տեղի ունեցավ ՀՀ Սյունիքի մարզխորհրդի այս տարվա առաջին նիստը, որը վարեց ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը: Նիստին մասնակցում էին նաև ՀՀ Սյունիքի մարզպետի տեղակալները, մարզպետարանի աշխատակազմի ղեկավարը, հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունների, ինչպես նաև մարզի առողջապահական, կրթական և մշակութային հաստատությունների ղեկավարներն ու մարզպետարանի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների պատասխանատուները:
Մարզխորհրդի նիստի օրակարգային առաջին հարցի կապակցությամբ ՀՀ Սյունիքի մարզպետ Ս.Խաչատրյանը մարզխորհրդի նիստի անդամներին և մասնակիցներին ներկայացրեց "2011 թվականի գործունեության և մարզի սոցիալ-տնտեսական վիճակի մասին"  հաշվետվությունը:
«2011թ. պետաբյուջեից մարզին նախատեսված միջոցների ֆինանսավորումը և համայնքներին դոտացիաները հատկացվել են ամբողջությամբ: Համայնքների բյուջեները եկամտային մասով կատարվել են 97,8 տոկոսով, իսկ սեփական եկամուտները ապառքներով՝ 94,6 տոկոսով, աճը 2010 թվականի համեմատ կազմել է 8,2 տոկոս: Սեփական եկամուտների բացարձակ աճը նախորդ տարվա համեմատությամբ կազմում է 75,9 մլն դրամ», - իր ելույթում ասաց մարզպետը:
Նիստում «Գարնան գյուղատնտեսական աշխատանքների նախապատրաստման ընթացքի և առկա խնդիրների մասի» զեկուցեց մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Սամվել Թանգյանը: Նա նշեց, որ գարնան գյուղատնտեսական աշխատանքների առաջին փուլով մարզում կատարվել է 3 հազ. հա ցրտահերկ, իսկ հիմնական աշխատանքները կսկսվեն մարտի երկրորդ տասնօրյակում` մինչև ապրիլ-մայիս ամիսները:
Անդրադառնալով դիզվառելիքով և ազոտական պարարտանյութով մարզը ապահովելուն, նա նշեց, որ այսօրվա դրությամբ հավաքագրվել է 133մլն դրամ գումար` ազոտական պարարտանյութի համար և 38մլն դրամ` դիզելային վառելանյութի ձեռքբերման համար, և գումարները փոխանցվել են համապատասխան մատակարարների հաշվեհամարներին:
Սյունիքի մարզի 2010-2013թթ. սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրի 2011թ. տարեկան աշխատանքային պլանի կատարման և 2012թ. տարեկան աշխատանքային պլանով նախատեսված աշխատանքների մասին մարզխորհրդի նիստում զեկուցեց մարզպետարանի աշխատակազմի զարգացման ծրագրերի և վերլուծության բաժնի պետ Թադևոս Ղազարյանը: «Կառավարության 2009թ. հաստատել է Սյունիքի մարզի 2010-2013 թթ. սոցիալ-տնտեսական զարգացման ծրագիրը, որի տարեկան աշխատանքային պլանով նախատեսվել էր իրականացնել 18 մլրդ 328 մլն դրամի ծրագրեր: Նշված միջոցառումներից 2011 թվականի ընթացքում իրականացվել են 16 մլրդ 827 մլն դրամի ծրագրեր», - ասաց նա: Նիստի ընթացքում բարձրացվեցին համայնքներում առկա հրատապ լուծում պահանջող խնդիրներ: Մասնավորապես, Քաջարանի քաղաքապետ Վարդան Գևորգյանը նշեց, որ Կապան-Քաջարան ճանապարհին, որն ի դեպ, Երևան-Մեղրի միջպետական ճանապարհի մի հատվածն է, քարաթափումները բացառելու նպատակով պետք է իրականացվեն համապատասխան աշխատանքներ:
Իսկ Դաստակերտի քաղաքապետ Նաիրի Ֆիլոսյանը մարզպետի աջակցությունը հայցեց` Սիսիան-Դաստակերտ ճանապարհի նորոգման համար, որը տասնյակ տարիներ չնորոգվելով դարձել է դժվարանցանելի տրանսպորտային միջոցների համար:
Նիստի վերջում մարզպետ Սուրիկ Խաչատրյանը դիմելով համայնքների ղեկավարներին ասաց, որ տարին պատասխանատու է, լինելու են ԱԺ ընտրություններ: «Ուզում եմ գնահատենք այն ամեն, ինչ կատարվել է: Այսօր մեր պետությունը առաջընթաց զարգացում է ապրում: Ունենք իշխանություն, որը կարողանում է պահպանել արվածը: Այսօրվա Հայաստանը չի կարելի համեմատել մի քանի տարվա առաջվա Հայաստանի հետ: Ուզում եմ առաջին հերթին ամեն մի համայնքի ղեկավար իրեն համարի սյունեցի, իր հայրենիքի շահը վեր դասի ամեն ինչից: Կողք կանգնի ցանկացած կուսակցական պատկանելիությունից, ավելի շատ մտածի սյունեցու պատվի և արժանապատվության ու մեր միասնության մասին: Համոզված եմ, դա մեզ կհաջողվի», - ասաց մարզպետը: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-27 16:07:37