Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Գորիսում կմեկնարկեն ֆրանկոֆոնիայի օրերը
13.03.2012
Գորիսի քաղաքապետարանը «Գորիսի ֆրանսախոսության կենտրոն» ՀԿ-ի հետ համատեղ մարտի 15-ից ապրիլի 15-ն կանցկացնի Ֆրանկոֆոնիայի օրեր, որի նպատակը ֆրանսախոսության զարգացման խթանումն է: Այդ օրերին Գորիս քաղաքում նախատեսվում է անցկացնել մշակութային, գեղարվեստական և կրթական բազամաթիվ միջոցառումներ: Մասնավորապես, քաղաքի բոլոր դպրոցներում, որտեղ ֆրանսերենն ուսուցանվում է որպես օտար լեզու, հայտարարվել է «Հայ-ֆրանսիական բարեկամություն» թեմայով շարադրությունների և գեղանկարչական աշխատանքների մրցույթ:
Տոնին նվիրված միջոցառումներ կանցակցվեն նաև Գորիսի պետական համալսարանում ու քաղաքի թիվ 5 նախադպրոցական կրթարանում, որի հովանավորը Գորիսի քույր-քաղաք Ֆրանսիայի Վիենն քաղաքն է: Փոքրիկները հանդես կգան ֆրանսերեն կատարումներով: Տոնական միջոցառումները Գորիսում կեզրափակվեն տոնական համաքաղաքային մեծ համերգով, որի ընթացքում տոնին ակտիվ մասնակցած աշակերտներին ու ուսանողներին կհանձնվեն մրցանակներ:
Գորիսի քաղաքապետարանը այդ օրվա միջոցառմանը հրավիրել է նաև ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպանին: Ֆրանկոֆոնիայի օրերին նվիրված տոնական միջոցառումները պատշաճ մակարդակով կազմակերպելուն աջակցում է 3 ամսով Ֆրանսիայից Գորիս ժամանած մի կամավոր, ով գորիսեցիներին կաջակցի նաև ամռանը Գորիս-Վիենն քույր-քաղաքների համագործակցության 20-ամյակին նվիրված տոնական միջոցառումների նախապատրաստական աշխատանքներին: