Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Կապանի երկրագիտական թանգարանը կմասնակցի «Թանգարանային գիշեր»-ին

17.05.2012

Կապանի միակ երկրագիտական թանգարանը պետբյուջեի միջոցներով հիմնանորգումից հետո առաջին ագամ մայիսի 19-ին կմասնակցի «Թանգարանային գիշեր» միջոցառմանը: «Միակ խնդիրը, որ այսօր ունենք, ժամանակակից ցուցափեղկերի բացակայությունն է, իսկ մնացած բոլոր պայմանները հիանալի են միջոցառումը պատշաճ մակարդակով անցկացնելու համար: Այս անգամ ևս կօգտագործենք ունեցած հին ցուցափեղկերը, մինչև հնարավորություն ունենանք ձեռք բերելու նորերը», - ասաց թանգարանի տնօրեն Գրիշա Սմբատյանը: Միջոցառման ընթացքում ցուցադրություն կկազմակերպվի թանգարանի բոլոր սրահներում միաժամանակ, որը կկոչվի «Հիշողություն»: Ժամանակավոր ցուցադրությունների սրահում ներկայացվելու են «Վահանավանք - 1100» խորագիրը կրող իրերը, որի կազմակերպմանն աջակցում է Պատմական միջավայրի պահպանության Սյունիքի մարզային ծառայությունը: Այս բաժնում ցուցադրության նպատակով մայրաքաղաքից կբերվեն լուսանկարներ, դրանց զուգահեռ կցուցադրվեն նաև Շահումյանից պեղված հնագիտական արժեք ներկայացնող նյութեր և թանգարանի ֆոնդում եղած Վահանավանքին վերաբերող նյութեր: Թանգարանի ներքևի սրահի ցուցադրությունը կկոչվի «20-րդ դարասկիզբ. Կապանի աստեղային ժամը»: Այստեղ նախատեսված է հազվագյուտ լուսանկարների ցուցադրություն, որը կկրի «Հին և նոր Կապան» խորագիրը: «Կլինեն խորհրդային ժամանակների լուսանկարներ` արդյունաբերության վերականգնում, երկաթուղի, գյուղատնտեսություն, հանքարդյունաբերություն, մարդիկ, քաղաք և այլն: Կլինեն նաև նոր Կապանի լուսանկարներ` անկախության շրջանի իրադարձությունների մասին, և այցելուները պատկերացում կկազմեն, թե ինչպիսին էր մեր քաղաքը խորհրդային ժամանակներում և ինչպիսին է այսօր», - ասաց Սմբատյանը: Նույն ցուցադրության մեջ կլինի նաև «Գիրք-500» բաժինը: Կցուցադրվեն հին հրատարակության գրքեր` կտակարաններ, գեղարվեստական գրքեր, կապանցի ստեղծագործողների գրքերը, նաև գրքեր, որտեղ ներկայացված է Կապանը: Կլինեն նաև անտիպ հուշեր, օրագրեր, վավերագրեր, Կապանի մասին պատմող տպագիր մամուլ և այլն: Այդ օրը նախատեսված է ցուցադրություն կազմակերպել նաև թանգարանի բակում: Ցուցադրության կհանվեն վիմագրություններ, քարե կոթողներ, գյուղատնտեսական աշխատանքային գործիքներ: Միջոցառման ողջ ընթացքում կհնչի երգ, երաժշտություն, կլինի հյուրասիրություն: Երեկոյան ժամը 18-ից կմեկնարկի միջոցառումը, որը կշարունակվի ողջ գիշեր:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-26 17:27:01