Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Ստորագրվեց համաձայնագիր` Սիսիանի և Գորիսի շրջանների գյուղական համայնքների աջակցության ծրագրի վերաբերյալ
13.06.2012
ՀՀ տարածքային կառավարման նախարարությունում այսօր ՀՀ տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ Վ. Տերտերյանը, Սյունիքի մարզպետի տեղակալ Ա. Դոլունցը և Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության Հարավային Կովկասում տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Ռ. Շոխը ստորագրեցին համաձայնագիր` Սիսիանի և Գորիսի շրջանների գյուղական համայնքների աջակցության ծրագրի երրորդ փուլի վերաբերյալ:
Ծրագիրն իրականացվում է 40 գյուղական համայնքներում և ուղղված է անասնապահության ոլորտի զարգացմանը, ֆերմերների համար կայուն եկամտի հնարավորությունների ստեղծմանը:
ՏԿ նախարարի առաջին տեղակալ Վ. Տերտերյանը կարևորեց Շվեյցարիայի կառավարության կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերը և շնորհակալություն հայտնեց արդյունավետ և շարունակական համագործակցության համար: Նա գոհունակություն հայտնեց Սիսիանի և Գորիսի շրջանների գյուղական համայնքների աջակցության ծրագրի ընթացքից և վստահություն հայտնեց, որ ծրագիրը երրորդ փուլում կիրականացվի նույնքան արդյունավետ, որքան նախորդ փուլերում:
Հարավային Կովկասում տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Ռ. Շոխի կարծիքով` Գյուղական համայնքների աջակցության ծրագիրը մեկնարկել է բավականին հաջող և շարունակում է արդյունավետ իրականացվել: Նա միաժամանակ շնորհակալություն հայտնեց ՀՀ կառավարությանը` աջակցության համար և տեղեկացրեց, որ Շվեյցարիան նախատեսում է Հայաստանում կրկնապատկել իր բյուջեն և շարունակել Հայաստանում ֆերմերային տնտեսությունների աջակցության ծրագրերը` ավելացնելով նոր բաղադրիչներ: Ներկայումս ՀՀ գյուղատնտեսության նախարարության հետ քննարկվում է Սյունիքի մարզում անասնաբուժական ծառայությունների բարելավմանը, մասնավորապես՝ բրուցելյոզի կանխարգելմանն ուղղված ծրագիր իրականացնելու հարցը:
Վ. Տերտերյանը և Ռ. Շոխը քննարկեցին նաև իրականացվող այլ ծրագրերի ընթացքին վերաբերող հարցեր:
Աղբյուրը` ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժին