Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Մարզում սկսվել են հիմնանորոգման աշխատանքները
19.06.2012
Կառավարության պահուստային ֆոնդից տրամադրված գումարներով Սյունիքում սկսվել են հիմնանորոգման աշխատանքներ: Սյունիքի մարզի համայնքներում առկա հրատապ խնդիրները լուծելու նպատակով ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից մարզպետարանին տրամադրվել է 720 մլն դրամ: Մինչ այդ, ՀՀ Սյունիքի մարզպետ Ս. Խաչատրյանի առաջարկությամբ ուսումնասիրվել էին մարզի համայնքներում առկա առաջնահերթ լուծում պահանջող խնդիրները, և դրանք ներկայացվել էին կառավարությանը:
Հատկացված գումարներով նախատեսվում է իրականացնել ասֆալտապատման աշխատանքներ` Կապան, Գորիս, Սիսիան, Մեղրի, Ագարակ քաղաքներում: Մասնավորապես` մարզկենտրոնում մասնակի նորոգման աշխատանքներ կկատարվեն թիվ 6 դպրոցում, որտեղ հիմնականում կփոխվեն լուսամուտները, հիմնանորոգման աշխատանքներ են նախատեսված նաև Կապանի արվեստի պետական քոլեջի համերգային դահլիճում, որտեղ տեղակայված է մարզի միակ երգեհոնը: Կնորոգվեն նաև քաղաքի բազմաբնակարան 11 շենքերի տանիքները:
Գորիսի թիվ 5 դպրոցի համար կկառուցվի ջեռուցման համակարգ, իսկ թիվ 2, ինչպես նաև Խնձորեսկի դպրոցներում կնորոգվեն մարզադահլիճները: Վերիշեն համայնքում կբարելավվի խմելու ջրի ցանցը: Նմանատիպ աշխատանքներ են նախատեսված նաև մարզի Մեղրիի և Սիսիանի տարածաշրջաններում: