Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Սյունիքի մարզում էր Ցվետանա Պասկալևան

25.06.2012

ՀՀ Սյունիքի մարզպետ Ս. Խաչատրյանի հրավերով հունիսի 22-24-ը Սյունիքի մարզում էր բուլղարացի հայտնի լրագրող, ռեժիսոր, կինովավերագրողների միջազգային ասոցիացիայի անդամ Ցվետանա Պասկալևան:
Հունիսի 22-ին Կապանի հանդիսատեսին ներկայացվեց նրա «Արցախի վերքերը» վավերագրական ֆիլմը: Ֆիլմի շնորհանդեսին ներկա էր նաև հեղինակը: Պասկալևան Կապանի քաղաքապետարանում հանդիպեց քաղաքապետի, քաղաքապետարանի աշխատակազմի, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների և լրատվամիջոցների հետ: «Պատերազմի դժվար տարիներին` սկսած 1992-ից, շատ եմ եղել Սյունիքում: Վերջին անգամ այցելել եմ երեք տարի առաջ` որպես զբոսաշրջիկ և արդեն հասցրեցի նկատել, որ Կապանը զգալիորեն փոխվել է դեպի լավը», - ասաց Պասկալևան: Այնուհետև նա պատմեց իր հիշողությունները Արցախյան պատերազմի, իր ֆիլմերի ստեղծման մասին: «Ներկայումս ես աշխարհով մեկ կազմակերպում եմ իմ ֆիլմաշարի շնորհանդեսը: Եղել ենք Բուլղարիայում, Հունաստանում, Կիպրոսում, Լիբանանում: Արդեն շնորհանդեսներ ենք արել Երևանում, Գյումրիում, Արցախում, տարբեր զորամասերում, իսկ այժմ ձեզ մոտ ենք», - ասաց նա:
Կապանում Ցվետանա Պասկալևան այցելեց նաև Գ.Նժդեհի և Բաղաբուրջի հուշահամալիրներ, ծաղիկներ դրեց զոհված ազատամարտիկների շիրիմներին, իսկ երեկոյան մշակույթի կենտրոնի դահլիճում զրուցեց կապանցիների հետ, պատմեց իր հիշողությունները Արցախյան պատերազմի մասին, անդրադարձավ իր ֆիլմերի հերոսներին: Ֆիլմաշարի շնորհանդեսից հետո ընթերցվեց ՀՀ Սյունիքի մարզպետի որոշումը` «Արցախի ազատագրության համար մղված հերոսամարտի կինովավերագրությունը կերտելու և այդ գոյամարտի մասին համաշխարհային հանրությանը ողջ ճշմարտությունը մատուցելու ասպարեզում ներդրած ավանդի համար Ակսել Բակունցի ոսկե հուշամեդալով պարգևատրել բուլղարացի հայտնի լրագրող, ռեժիսոր, կինովավերագրողների միջազգային ասոցիացիայի անդամ Ցվետանա Պասկալևային»: Կապանցիների անունից Ցվետանա Պասկալևային շնորհակալություն հայտնեցին ՀՀ Սյունիքի մարզպետի տեղակալ Վաչե Գրիգորյանը, Կապանի քաղաքապետ Արթուր Աթայանը, ինչպես նաև արցախյան հերոսամարտի մասնակիցների ծնողներ և այրիներ, ազատամարտիկներ: Հայտնելով իր շնորհակալությունը ջերմ ընդունելության համար` Պասկալեւան նշեց. «Երևի թե սա իմ փոքր լուման է, որ տալիս եմ հայ ժողովրդին, այն բանի դիմաց, ինչ արել են Նժդեհն ու Անդրանիկը իմ ազգի համար: Հայերի հետ կենսաբանական և գենետիկական կապ չունեմ, ես բուլղարացի եմ, բայց իմ սիրտը հայկական է»:
Ցվետանա Պասկալեւայի «Արցախի վերքերը» վավերագրական ֆիլմաշարի շնորհանդեսը հունիսի 23-ին անցկացվեց նաև Գորիսում, իսկ հունիսի 24-ին` Սիսիանում: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-16 10:46:30