Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Վերականգնվում է Հին Գորիսի Սուրբ Աստվածածին եկեղեցին
02.08.2012
Ֆրանսիայի Վիեն քաղաքի երիտասարդ կամավորներն արդեն յոթ օր է` Գորիսում են և մասնակցում են Հին Գորիսի Սուրբ Աստվածածին բազիլիկ եկեղեցու վերականգնման աշխատանքներին: Երրորդ տարին է, ինչ կամավորները մասնակցում են եկեղեցու վերականգնմանը, որն իրականացվում է ՀՀ մշակույթի նախարարության, «Երկիր-մշակույթ» կազմակերպության, Գորիսի քաղաքապետարանի ու Գորիսի քույր ֆրանսիական Վիեն քաղաքի աջակցությամբ:Կամավորներին գլխավորում է «Երկիր-մշակույթ»-ի ներկայացուցիչ Հովսեփ Փափազյանը: Երիտասարդների առօրյան հետաքրքիր ու բովանդակալից դարձնելու համար քաղաքապետարանը կազմակերպում է ժամանցային հետաքրքիր ծրագրեր, էքսկուրսիաներ Գորիսի տեսարժան վայրերում: Կամավորները Գորիսում կմնան մինչև օգոստոսի 10-ը, իսկ սեպտեմբերի 29-ին նախատեսված է շահագործման հանձնել Հին Գորիսի Սուրբ Աստվածածին եկեղեցին, որը կիսաքանդ է եղել 300 տարի շարունակ: Եկեղեցու հին զանգը չի պահպանվել: Տեղադրվելիք նոր զանգը, որի ձայնը լսելի կլինի անգամ 5 կմ-ի վրա, պատվիրված է Մոսկվայում և եկեղեցուն է հանձնել Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը, իսկ խաչի մասին հոգացել է քաղաքապետ Նելսոն Ոսկանյանը:
Եկող տարի «Երկիր-մշակույթը» կիրականացնի Հին Գորիսի Սուրբ Աստվածածին եկեղեցու շրջակայքի բարեկարգման աշխատանքներ: