Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Իրանի երկրաշարժից Մեղրիում տներ են վնասվել
17.08.2012
Երկրաշարժի հետևանքներն ուսումնասիրելու նպատակով ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի հանձնարարությամբ ստեղծված մասնագիտական հանձնաժողովը` մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության պետ Արշակ Ուստաբաշյանի գլխավորությամբ Մեղրիի տարածաշրջանից հետո ստացված ահազանգերի հետքերով եղավ նաև Գորիսում ու տարածաշրջանի գյուղական համայնքներում:
Հանձնաժողովի մասնագետների կողմից իրականացված արտաքին զննման արդյունքում պարզվել է, որ չնայած որոշ առանձնատներ և բարձրահարկ շենքեր Ագարակում որոշակի վնաս են կրել, սակայն դա իրենից մեծ վտանգ չի ներկայացնում: Առավել տուժել են Մեղրիի տարածաշրջանի Վարդավար, Գուդեմնիս, Կուրիս գյուղերի մեկ և երկու հարկանի մի քանի առանձնատներ, որոնք հողաշեն են` կառուցված 100-120 տարի առաջ, երբեք չեն ամրացվել: Մասնագետների հավաստմամբ դրանց վնասվելու հավանականությունը նման ցնցման դեպքում շատ մեծ է եղել: Այս առանձնատները հիմնականում ամառանոցներ են, որոնց տերերը Ագարակի և Մեղրիի բանկիչներ են:
Հանձնաժողովը ուսումնասիրություններ է իրականցրել նաև Կապանում, դարձյալ անհատական տներում, քանի որ ահազանգեր բարձրահարկ շենքերի բնակիչներից չեն ստացվել: Կապանում լուրջ վնասներ կրել է մեկ առանձնատուն: Ուսումնասիրություններ չեն կատարվել Սիսիանի տարածաշրջանում, քանի որ դրա կարիքը չի եղել: Հանձնաժողովն ուսումնասիրությունների ավարտից հետո կկազմի եզրակացություն, որը կներկայացվի արտակարգ իրավիճակների և տարածքային կառավարման նախարարություններին: