Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Սյունեցիները մասնակցեցին երիտասարդ նկարիչների հանրապետական 1-ին պլեներին
03.09.2012
Նախօրերին Շիրակի մարզի գեղատեսիլ անկյուններից մեկում` Թորոս գյուղի "Մանուշակ'' ճամբարի տարածքում, տեղի ունեցավ "Մինասի գույներով" երիտասարդ նկարիչների հանրապետական առաջին պլեները, որին Սյունիքի մարզից մասնակցում էին Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջի 4-րդ կուրսի ուսանողուհի, գեղանկարիչ Մարինե Գրիգորյանը, Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի մագիստրատուրայի ուսանող, գեղանկարիչ Նարեկ Մինասյանը և ՀՀ նկարիչների միության անդամ, Կապանի ժամանակակից արվեստի թանգարանի տնօրեն Բորիկ Մինասյանը:
Նախադեպը չունեցող միջոցառմանը մասնակցում էին Հանրապետության բոլոր մարզերի երիտասարդ նկարինչներ, նկարչության դասատուներ, դասախոսներ, ինչպես նաև ՌԴ Ուլյանովսկի մարզի Կարսունսկի Ա.Պլաստովի անվան նկարչական դպրոցի դասատուներ Նատալյա Պետրովնան, Լադա Վալերյանովնան և Նինա Ֆեոդորովնան:
Միջոցառմանը ներկա էին ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը, ՀՀ Մշակույթի նախարարի տեղակալ Արթուր Պողոսյանը, ՀՀ Նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը, հյուրեր մայրաքաղաքից և հանրապետության այլ մարզերից:
Պլեների մասնակիցները փողային նվագախմբի նվագակցությամբ տեղ զբաղեցրեցին ճամբարի հրապարակում: Հայաստանի Հանրապետության պետական օրհներքի ներքո դրոշի բարձրացումից, և պլեների հիմնը նչեցնելուց հետո, միջոցառման բացման արարողության ժապավենը կտրելու պատիվը տրվեց ՀՀ Մշակույթի նախարարի տեղակալ Արթուր Պողոսյանին: Ներկաները ծանոթացան միջոցառման մասնակիցների ներկայացրած գեղանկարչական աշխատանքներին: Հանրապետական առաջին Պլեների ընթացքում, որը տևեց չորս օր, եղան այցելություններ Մարմաշենի վանքային համալիր, Ջաջուռ` Մինաս Ավետիսյանի տուն թանգարան, որտեղ անցկացվեց նաև բացօթյա նկարչության դաս: Այցելություններ եղան նաև Երկրաշարժի զոհերի հուշակոթող, Գեղագիտության ազգային հենտրոնի Գյումրու մասնաճյուղ, Երանուհի և Մարիամ Ասլամազյան քույրերի պատկերասրահ, Գյումրու ժողովրդական ճարտարապետության և քաղաքային կենցաղի, Հովհ. Շիրազի, Ավ. Իսահակյանի թանգարաններ: Կազմակերպիչները խոստացել են, որ առաջին Պլեները, չի լինի վերջինը, այն կլինի շարունակական և համոզմունք հայտնեցին, որ այն տարածում կգտնի ողջ հանրապետությունում: