Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Սյունիքի մարզ են ժամանել ԻԻՀ Արևելյան Ատրպատականի նահանգի պատվիրակությունը
27.09.2012
Իրանի Իսլամական Հանրապետության Արևելյան Ատրպատականի նահանգի պատվիրակությունը Փալիբար քաղաքի ղեկավար Աբդուլահ Ասղարփուրի գլխավորությամբ սեպտեմբերի 27-ին Գորիսում հանդիպում ունեցան Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի ներկայացուցիչների հետ: Քննարկումներ են անցկացվել մարզպետարանի տեղական ինքնակառավարման և հանրապետական գործադիր մարմինների հարցերով ու գյուղատնտեսության և բնապահպանության վարչությունների ներկայացուցիչների, Կապանի, Գորիսի, Սիսիանի տարածաշրջանների ֆերմերների, գյուղատնտեսական արտադրությամբ զբաղվող տնտեսվարողների, վերամշակող կազմակերպությունների ղեկավարների հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին համատեղ իրականցվելիք գյուղատնտեսական մի շարք ծրագրեր: Դրանց մի մասը վերաբերում է, մասնավորապես, ոչխարաբուծությանը, արոտավայրերի պայմանագրային հիմունքներով տրամադրմանը, հացահատիկային կուլտուրաների մշակմանը:
Քննարկվեցին նաև կաթ վերամշակող ձեռնարկության և պանրի գործարանի հիմնման ծրագրերը, որոնք մարզի գյուղական համայնքներում կնպաստեն նոր աշխատատեղերի ստեղծմանը, կխթանեն գյուղատնտեսության զարգացմանը: Եղան նաև առաջարկներ` մարզի համայնքները գյուղտեխնիկայով ապահովելու վերաբերյալ:
Սյունիքի և Արևելյան Ատրպատականի միջև նախնական պայմանավորվածություն ձեռք բերվեց արոտավայրերի վարձակալման, կաթնամթերքի արտադրության ու արտահանմանն առնչվող հարցերի վերաբերյալ: Իրանական կողմի հետ քննարկվեցին նաև ներդրումային քաղաքականությանը վերաբերող մանրամասներ:
Մինչ այս հանդիպումը` սեպտեմբերի 25-ին, ԻԻՀ պատվիրակությանն ընդունել էր Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը: Ողջունելով հյուրերի հերթական այցը` Սյունիքի մարզպետն ընդգծել է, որ կնքված հուշագրի շրջանակներում փոխայցելությունները վկայում են ձևավորված բարեկամությունն ամրապնդելու փոխադարձ ձգտման և գործնական կապերն ակտիվացնելու վճռականության մասին, ինչը կնպաստի երկու հարևան ժողովուրդների բարօրությանն ու բարեկամության ամրապնդմանը: