Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Սյունիքի մարզպետը մասնակցեց "Գորիսյան օրեր" ամենամյա տոնակատարությանը

29.09.2012

«Գորիսյան օրեր» ամենամյա տոնակատարությունն այս տարի նշվեց սեպտեմբերի 29-ին` Վիեն-Գորիս քույր-քաղաքների համագործակցության 20-ամյակին նվիրված համաքաղաքային միջոցառման հետ միասին:
Տոնակատարությանը մասնակցելու համար սեպտեմբերի 29-ին հարյուրավոր հյուրեր էին ժամանել Գորիս ոչ միայն հանրապետության մյուս մարզերից ու մայրաքաղաքից, այլև Ֆրանսիայից, Բելառուսից, Ռուսաստանի Դաշնությունից: Մասնավորապես Գորիսում էր Վիենի քաղաքապետարանի պատվիրակությունը` քաղաքապետ Ժակ Ղոմիլիենի գլխավորությամբ, Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը, մշակույթի նախարարության ներկայացուցիչներ, մարզի համայնքների ղեկավարներ: Տոնականորեն զարդարված Գորիսում միջոցառումները մեկնարկեցին առավոտյան` քաղաքի Սուրբ Հռիփսիմե եկեղեցու խաչի օծման արարողությամբ: Շուրջ երեք տարի շարունակ եկեղեցին վերականգնել է ֆրանսիական «Երկիր մշակույթ» կազմակերպությունը` Վիեն և Գորիս քաղաքների աջակցությամբ: Միջոցառումները շարունակվեցին Ակսել Բակունցի արձանի մոտ, որտեղ տեղի ունեցավ պսակադրության արարողություն:
Այնուհետեւ տոնակատարության մասնակցիները եղան Բակունցի տուն-թանգարանում, որը հիմնանորոգվել է վերջերս: Այստեղ կազմակերպված էր գրքի փառատոն: Իր ելույթով ներկաներին ողջունեց Հայաստանի գրողների միության նախագահ Լեւոն Անանյանը: Ողջույնի խոսք ասացին նաև մեծանուն գրողի` Բակունցի, անունը կրող դպրոցի սաները: Օրվա երկրորդ կեսին Գորիսի Մաշտոցի փողոցում կազմակերպված էր ավանդական հյուրասիրություն: Միաժամանակ, փողոցի ողջ երկայնքով բնակիչներն իրենց պատշգամբներից կախել էին հին գորիսյան գորգեր, ցուցադրության էին հանել հնաոճ կենցաղային իրեր:
Բացօթյա միջոցառումները շարունակվեցին Գորիսի Մխիթար Սպարապետի անունը կրող հրապարակում, որտեղ կազմակերպված էր մանկական համերգ, նկարների և ձեռքի աշխատանքների ցուցադրություն, ժողգործիքների համույթների ելույթներ, սպորտային միջոցառումներ և այլն: Մասնավորապես, ֆրանսիական պատվիրակությանը ֆրանսերեն լեզվով ողջունեցին Գորիսի թիվ 2 և թիվ 5 նախակրթարանների սաները: Գորիսի պետական դրամատիկական թատրոնում ներկայացվեց «Գիքորը 21-րդ դարում» ներկայացումը , որից հետո տեղի ունեցավ Գրողների միության Սյունիքի մասնաճյուղի համաժողովը: Տոնական միջոցառումները Գորիսում շարունակվեցին Մխիթար Սպարապետի անվան հրապարակում` բացօթյա համերգային ծրագրով, որտեղ իր կատարումներով ելույթ ունեցավ նաև Ռուբեն Հախվերդյանը: Տոնական միջոցառումները Գորիսում ավարտվեցին ուշ երեկոյան` մեծ հրավառությամբ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2021-09-17 10:39:45