Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզի դպրոցներում տեղադրվում է ռազմագիտական ուսումնական հրաձգության իրականացման վարժասարք

22.10.2012

Կապանի թիվ 9 ավագ դպրոցի «Նախնական ռազմական պատրաստավածություն» առարկայի համար հատուկ կահավորված կաբինետը հոկտեմբերի 22-ին համալրվեց ռազմագիտական ուսումնական հրաձգության իրականացման վարժասարքով, որը հնարավորություն կընձեռի հավուր պատշաճի իրականացնելու ավագ տարիքի դպրոցականների ֆիզիկական պատրաստականության, ռազմահայրենասիրական դաստիարակության աշխատանքները։ Սա մարզի թվով երկրորդ դպրոցն է, Գորիսի թիվ 4 դպրոցից հետո, որ ունեցավ նման վարժասարք։
Մարզի բոլոր տարածաշրջաններում առնվազն մեկ վարժասարք ունենալու համար, Սյունիքի մարզպետարանը դիմել էր ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանին։ Առաջարկ է արվել վարժասարքով ապահովել նաև Ագարակի, Քաջարանի թիվ 1 միջնակարգ և Սիսիանի ավագ դպրոցները։
Վարժասարքի տեղադրման հանդիսավոր արարողությանը ներկա են եղել ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական, գեներալ-լեյտենանտ Մուրազ Սարգսյանը, ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը։
Իր խոսքում մարզպետը կարևորեց նախաձեռնությունը` նշելով, որ ելնելով մարզի ռազմավարական դիրքից սյունեցի պատանիների ու աղջիկների համար զենքին տիրապետելու արվեստի յուրացումն անհրաժեշտ է։
Ի դեպ` մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունները կցագրված են մարզում տեղակայված զորամասերին, որտեղ պարբերաբար կազմակերպվում են գործնական պարապմունքներ, կրակային պատրաստվածության դասընթացներ։
Առարկայի արդյունավետ դասավանդմանն աջակցում է նաև ՀՀ Սյունիքի մարզպետը, ում գործուն աջակցությամբ էլ կահավորվել է Կապանի թիվ 9 ավագ դպրոցի ռազմագիտության դասասենյակը` «ՀՀ զենքի մասին օրենքի» դրութներին համապատասխան։
Միջոցառման վերջում գեներալ-լեյտենանտ Մուրազ Սարգսյանը «ՀՀ Զինված ուժերի 20 տարի» հոբելյանական մեդալներ հանձնեց Արցախյան պատերազմի մասնակիցներ ութ զինղեկի ու մարզպետարանի աշխատակազմի կրթության բաժնի պետ Արսեն Գրիգորյանին։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-30 08:52:24