Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Միայնակ կինը տեղավորվել է տարեցների սպասարկման կենտրոնում
23.10.2012
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ու Սյունիքի մարզպետարանի միջնորդությամբ 76-ամյա Ռոզա Դավթյանը հոկտեմբերի 23-ի առավոտյան տեղափոխվել է Արծվանիկի տարեցների սպասարկման կենտրոն։
18 օր մնալով Կապանի բժշկական կենտրոնում և ստանալով համապատասխան բուժօգնություն միայնակ ծեր կնոջը հրաժարվել են խնամքի տակ վերցնել որդիները, որոնցից մեկը բնակվում է ՌԴ-ում, մյուսը` Էջմիածնում։ Արմատներով կապանցի կնոջը Էջմիածնից, որտեղ վերջին տարիներին բնակվել է, որդին տաքսի մեքենայով ուղարկել էր Կապան։ Տաքսու վարորդը ստիպված կնոջը տարել է ոստիկանության Կապանի բաժին, որտեղից էլ կնոջը, որն ունեցել է ազդրի կոտրվածք, տեղափոխել են Կապանի բժշկական կենտրոն։
Մարզպետի հանձնարարությամբ ձեռնարկվել են բազմաթիվ միջոցառումներ` միայնակ կնոջ հետագա խնամքը կազմակերպելու համար: Համաձայնության գալով «Առաքելություն Հայաստան» բարեգործական կազմակերպության հետ Ռ. Դավթյանը տեղափոխվել է Արծվանիկի տարեցների սպասարկման կենտրոն, որտեղ էլ կստանա իր կենսաթոշակը:
Տարեց կնոջ խնամքը և բուժսպասարկումը լիարժեք կազմակերպելու համար ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը տարեցների սպասարկման կենտրոնին ցուցաբերել է նաև ֆինանսական աջակցություն։