Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Սյունիքում փոխվարչապետը ծանոթացավ պետական ծրագրերով իրականացվող աշխատանքներին

26.10.2012

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանն այսօր Սյունիքում ծանոթացավ պետական ծրագրերով իրականացվող աշխատանքների ընթացքին:
Մարզպետ Ս. Խաչատրյանի ուղեկցությամբ փոխվարչապետն այցն սկսեց Սիսիանի տարածաշրջանի Շամբ համայնքից, որտեղ դպրոցի շենքի կառուցման համար մարզի առաջնահերթ խնդիրների լուծման երրորդ ծրագրով հատկացվել է 47 մլն դրամ: Զեկուցվեց, որ ծրագրով նախատեսված աշխատանքների մոտ 60 տոկոսը կատարվել է, դպրոցի կառուցումն ավարտին հասցնելու համար աշխատանքները կշարունակվեն նաև Հայաստանի սոցներդրումների հիմնադրամի միջոցներով:
Ավարտին են մոտենում Աղիտու-Շամբ 9,6 կմ ճանապարհահատվածի վերանորոգման աշխատանքները: Պետբյուջեից այդ նպատակով հատկացվել էր 790 մլն դրամ: Փոխվարչապետը ծանոթացավ կատարված աշխատանքներին, զեկուցվեց, որ ասֆալտապատումն ամբողջությամբ ավարտված է, և մինչև հոկտեմբերի վերջ կավարտվեն նաև հարդարման աշխատանքները:
Պետբյուջեից հատկացված 250 մլն դրամով ավարտվել է նաև մայրուղուց Քարահունջ համայնք տանող 2,3 կմ դժվարանցանելի ճանապարհի վերանորոգումը: Փոխվարչապետին ներկայացվեցին կատարված աշխատանքները, նշվեց, որ համայնքի համար ճանապարհի նորոգումը կենսական նշանակություն ուներ:
Այնուհետև Սյունիքի մարզպետարանում փոխվարչապետը խորհրդակցություն անցկացրեց մարզպետի, մի շարք համայնքների ղեկավարների, տարածաշրջանի ՋՕԸ-երի ղեկավարների, մարզպետարանի պատասխանատուների մասնակցությամբ: Ինչպես մյուս մարզպետարաններում անցկացված խորհրդակցություններում, այստեղ ևս քննարկվող հարցերը վերաբերում էին սեփական եկամուտների հավաքագրմանը, 2013թ. համայնքների բյուջեների կազմման գործընթացին, մարզում իրականացվող ծրագրերի, գյուղատնտեսական աշխատանքների ընթացքին:Ներկայացվեցին մարզի համայնքներում սեփական եկամուտների կատարողականի ցուցանիշները, զեկուցվեց ծրագրերի ընթացքը: Փոխվարչապետը պարզաբանումներ ներկայացրեց նաև համայնքապետերի կողմից բարձրացված հարցերի վերաբերյալ:
Խորհրդակցությունից հետո փոխվարչապետը մարզպետի և Կապանի նորընտիր քաղաքապետ Ա. Հայրապետյանի ուղեկցությամբ ծանոթացավ քաղաքում պետբյուջեի միջոցներով իրականացվող աշխատանքների ընթացքին: Ա. Գևորգյանը եղավ Կապանի ընդհանուր իրավասության դատարանի, ինչպես նաև թիվ 2 ավագ դպրոցի շենքերի շինհրապարակներում, ծանոթացավ կատարված աշխատանքերին: Երկու օբյեկտների շինարակական աշխատանքներն ընթացի մեջ են, և պատասխանատուները զեկուցեցին, որ իրականացվում են համաձայն ժամանակացույցի:
Փոխվարչապետին ներկայացվեցին նաև քաղաքում տարբեր աղբյուրների` պետբյուջեի, համայնքի, բարերարների միջոցներով ներհամայնքային ճանապարհների բարեկարգման ուղղությամբ կատարված աշխատանքները:
Վերադարձի ճանապարհին Ա. Գևորգյանը կանգ առավ Խնձորեսկում, եղավ կախովի կամրջի հատվածում, որն անցնում է ձորի վրայով` կապելով Խնձորեսկի երկու «ափերը»: Տեղում համայնքի ղեկավարի հետ քննարկվեցին ենթակառուցվածների բարելավման հարցեր` հաշվի առնելով, որ առկա են զբոսաշրջության զարգացման լավ հնարավորություններ:

Աղբյուրը՝ ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժին

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 17:08:53