Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Սյունիքի մարզպետը ծանոթացել է Կապանի թիվ 3 կրթահամալիրի խնդիրներին
04.12.2012
Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը, մարզպետի տեղակալ Վաչե Գրիգորյանի և մարզպետարանի աշխատակազմի աշխատակիցների ուղեկցությամբ դեկտեմբերի 4-ին այցելել է Կապանի թիվ 3 կրթահամալիր, որտեղ իրականացվում է կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների ուսուցում և դաստիարակություն:
Այցելության նպատակն էր տեսակցել սաներին և ծանոթանալ կրթահամալիրի խնդիրներին, դրանք քննարկել տնօրինության հետ :
Կրթօջախում մարզպետին տեղեկացրել են, որ 2012 թ. օգոստոսից "Քրոնիմետ" բարեգործական հիմնադրամի միջոցներով ընթացքի մեջ են կրթահամալիրի շենքի նորոգման աշխատանքները: Բացի շինաշխատանքներից` հիմնադրամը կրթահամալիրին տրամադրել է նաև 16 մլն դրամի դպրոցական գույք: Այս պահին կրթահամալիրում շարունակում են վերանորգման աշխատանքները, որի համար նախատեսվում է առաջիկայում կատարել մոտ 40 մլն դրամի շինարարական աշխատանքներ:
Կրթահամալիրի տնօրինության կողմից հարց բարձրացվեց հատուկ կարիքավոր երեխաների ամառային հանգստի կազմակերպման մասին: Մարզպետը կարևոր համարեց այդ խնդիրը և խոստացավ անել հնարավորը` հաշմանդամ երեխաների ամառային հանգիստը մարզի տարածքում կազմակերպելու համար:
Մարզպետը, շրջայց կատարելով կրթահամալիրում, բարձր գնահատեց ուսումնական և արհեստագործական դասասենյակների հագեցվածությունը, ննջարանների հարմարավետ պայմաները, երեխաների խնամքի և ուսումնադաստիարակչական աշխատանքների բարձր մակարդակը:
Կապանի թիվ 3 կրթահամալիր հաճախում է 210 երեխա, որից 66-ը սովորում է տարբեր միջին մասնագիտական բաժիններում, իսկ 48 հատուկ կարիքավոր երեխաներ` նախամասնագիտական հոսքում: 47 երեխա գիշերում է կրթահամալիրի ննջարանային մասնաշենքում: