Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Վերապատրաստվում են համայնքային ծառայողները
09.12.2012
ՀՀ Սյունիքի մարզպետարանի ուշադրության կենտրոնում են համայնքային ծառայողների մասնագիտական կարողությունների զարգացման և կատարողական կարգապահության հարցերը: Բացի օրենքով սահմանված հերթական վերապատրաստման դասընթացներից, որոնց շրջանակում ընթացիկ տարում վերապատրաստվել են մարզի 215 համայնքային ծառայողներ, մարզպետի հանձնարարությամբ պարբերաբար` յուրաքանչյուր ամսվա ընթացքում տարածաշրջանների համայնքների ղեկավարների աշխատակազմերի քարտուղարների հետ մարզպետարանի աշխատակազմի տարածքային վարչությունն անցկացնում է սեմինար-խորհրդակցություններ, ուսուցողական դասընթացներ, որոնց ընթացքում մասնակցիներին ցույց է տրվում մեթոդական և խորհրդատվական օգնություն: Միաժամանակ, համայնքային ծառայության գրեթե բոլոր գործառույթների համար վարչության կողմից պատրաստվել են փաստաթղթերի, գրանցամատյանների, օրինակելի փաթեթներ` թղթային և էլեկտրոնային տարբերակներով: ՀՀ Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի տեղական ինքնակառավարման և հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչության պետ Սեյրան Ավետիսյանի տեղեկատվությամբ` մարզում դեռ մտահոգիչ է այդ համակարգերի ներդրման խնդիրը: Վարչության կողմից կատարված վերահսկողության արդյունքում պարզվել է, որ առանձին համայնքներում դրանք դեռևս պատշաճ մակարդակով չեն կատարվել: Մասնավորապես, բացթողումներ և թերություններ կան համայնքային ծառայողների անձնական գործերի վարման իրավական ակտերի հաշվառման, մրցութային և ատեստավորման գործընթացի կազմակերպման և դրանց հետ առնչվող գործավարական փաստաթղթերում: