Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Մեծարվեցին կապանցի զոհված ազատամարտիկներ
10.12.2012
Սյունիքի մարզպետարանի, Կապանի քաղաքապետարանի ու թիվ 6 հիմնական դպրոցի նախաձեռնությամբ Կապանում անցկացվեց միջոցառում` նվիրված` ուղիղ 20 տարի առաջ` 1992թ. դեկտեմբերի 10-ին, արցախյան մարտերում հերոսի մահով զոհված կապանցի 10 ազատամարտիկների մահվան 20-րդ տարելիցին:
Միջոցառումը մեկնարկեց Բաղաբուրջի հուշահամալիրից, ուր զոհված ազատամարտիկների շիրիմներին թարմ ծաղիկներ ու ծաղկեպսակներ դրեցին ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը, ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական, գեներալ-լեյտենանտ Մուրազ Սարգսյանը, Կապանի քաղաքապետ Աշոտ Հայրապետյանը, զինվորականներ, զոհված ազատամարտիկների մայրեր և ուրիշներ:
Այնուհետեւ Կապանի թիվ 6 հիմնական դպրոցում, որի շրջանավարտներն էին նահատակված ազատամարտիկները, տեղի ունեցավ ազատամարտիկներից Արմեն Հայրապետյանի կիսանդրու բացման հանդիսավոր արարողությունը, որի հեղինակն ուկրաինաբնակ ճանաչված քանդակագործ Գառնիկ Խաչատրյանն է: Դպրոցի միջանցքում կազմակերպված էր ազատամարտիկների անձնական իրերի ցուցադրություն: Միջոցառումը շարունակվեց դպրոցի դահլիճում, որտեղ նախ ցուցադրվեց «Հայրենիքի կանչով» փաստավավերագրական ֆիլմը` նվիրված հանուն հայրենիքի պայքարի ելած կապանցիներին: Այնուհետեւ դպրոցի սաները հանդես եկան հուշ-միջոցառմամբ:
Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանն իր ելույթում բարձր գնահատեց հայրենիքի համար նահատակված զինվորների սխրանքները, որից հետո այդ ազատամատիկների ընտանիքներին տրամադրեց 50-հազարական դրամ: Իսկ Մուրազ Սարգսյանը ՀՀ պաշտպանության նախարարի անունից նվերներ հանձնեց դպրոցի այն դասասենյակին, որը կրում է Արմեն Հայրապետյանի անունը:
Միջոցառման ավարտին ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը Կապանի թիվ 6 հիմնական դպրոցի տնօրեն Մարինե Դավթյանին պարգևատրեց "Ակսել Բակունց" հուշամեդալով` մատաղ սերնդի կրթության ու դաստիարակության գործում ունեցած վաստակի և հանրակրթության ոլորտում երկարամյա անբասիր գործունեության համար: